Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ ուսանողական գիտությունը աշխարհի տարբեր գիտական հարթակներում

6.06.2017

«ԵՊԲՀ ուսանողական գիտությունը աշխարհի տարբեր գիտական հարթակներում» խորագրի ներքո այսօր ևս ներկայացնում ենք գիտության մեջ ընդգրկված միանգամից երեքի մեր ուսանողներին: Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողներ՝ Թամարա Հարությունյանը, Մանուշակ Ավագյանը և 4-րդ կուրսի ուսանող՝ Լիանա Հայրապետյանը, ովքեր հանդիսանում են բժշկական համալսարանի Ուսանողական խորհրդարանի Ուսանողական գիտական ընկերության ակտիվ անդամներ, հրավեր էին ստացել մասնակցելու Սոֆիա քաղաքում անցկացվող «16-րդ Միջազգային բժշկագիտական կոնգրես»-ին: Գիտաժողովին մասնակցում էին ավելի քան 700 ուսանողներ մոտ 60 երկրից:

Ուսանողները ներկայացրել են իրենց կողմից կատարված գիտահետազոտական աշխատանքները: Թամարա Հարությունյանը և Մանուշակ Ավագյանը`նախակլինիկական հատվածում զեկուցել են «Ցիկլոսպորինով իմունոսուպրեսիայի ազդեցությունը քաղցկեղի քսենոգրաֆտային մոդելում» և «Նեոնատալ առնետների քաղցկեղի քսենոգրաֆտային մոդելի ստեղծում» թեմաները: Այս հետազոտական աշխատանքները Ուսանողական գիտական ընկերության կողմից սկսվել են դեռևս 2015 թվականին և մեր ուսանողները կարողացել են այս ընթացքում ստեղծել համապատասխան մոդել ապագա փորձարկումների նպատակով: Լիանա Հայրապետյանը ներկայացրել է «Մետաբոլիկ համախտանիշ և իր հետ կապակցված վաղ գործոնների տարածվածությունը երիտասարդների շրջանում» հետազոտական աշխատանքը և զեկուցումների իր ենթաբաժնում զբաղեցրել է պատվավոր առաջին հորիզոնականը:

Այս աշխատանքը կատարվել է 2015թ. սեպտեմբերին ԵՊԲՀ պրոֆեսոր Գրիզելդա Նավասարդյանի ղեկավարությամբ և կենսաքիմիայի ամբիոնի հովանու ներքո, որը և տրամադրել է համապատասխան լաբորատորիան և միջոցները հետազոտությունն իրականացնելու համար: Մեր ուսանողներն այդ չորս օրերի ընթացքում մասնակցել են տարբեր workshop-երի, հայտնի բժշկների և գիտնականների դասախոսությունների, լրացրել են իրենց գիտելիքների պաշարը և՛ գործնական, և՛ տեսական գիտելիքներով, համագործակցություն են հաստատել օտարերկրյա ուանողների և Բուլղարիայի բժշկական ուսանողների կազմակերպության հետ: Այդ համագործակցության շնորհիվ օտարերկրյա մի շարք ուսանողներ հրավիրվել են մասնակցել ԵՊԲՀ ուսանողական գիտական ընկերության ամառային գիտական դպրոցին:

 

Science Week 2017

Announcements


Find us on Facebook