Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Համալսարանական հիվանդանոցների 2016թ. գործունեության հաշվետվությունը ներկայացվեց գիտական խորհրդի նիստում

25.05.2017

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի նիստում ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը ներկայացրեց համալսարանական հիվանդանոցների 2016թ. գործունեության հաշվետվությունը:

Պրոռեկտորը նշեց, որ ի տարբերություն այլ բժշկական կազմակերպությունների՝ համալսարանական հիվանդանոցներն ամբողջ աշխարհում 18-րդ դարից սկսած միաժամանակ մի քանի առաքելություն են իրականացնում:

Ժամանակակից աշխարհում համալսարանական բժշկական հաստատությունների առջև դրված է բարձրակարգ բուժօգնության, որակյալ կրթության ապահովման, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների իրականացման հրամայականը:

Արմեն Մինասյանը հանգամանալից ներկայացրեց թե հիվանդանոցային, թե առողջության պահպանման առաջնային օղակում իրականացվող աշխատանքների ծավալները: Խոսեց նաև առաջիկա ծրագրերի ու անելիքների մասին, որոնք նրա գնահատմամբ՝ առաջին հերթին միտված են կատարվող աշխատանքներում ուսանողների և կլինիկական օրդինատորների ներգրավմանը, լսարարանների ավելացմանը, նոր ծառայությունների ու կլինիկաների ստեղծմանն ու զարգացմանը:

ԵՊԲՀ երկու հիվանդանոցում աշխատում է 1189 բուժաշխատող: Օրական ուսումնական նպատակով հիվանդանոցներ այցելում է ավելի քան 2000 ուսանող և 500 կլինիկական օրդինատոր:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ համալսարանական հիվանդանոցների կողմից իրականացվող աշխատանքը դժվար է թերագնահատել, քանի որ այն ունի ոչ միայն առողջապահական, այլև կրթական, հետազոտական, ինչպես նաև սոցիալական պատասխանատվության բաղկացուցիչներ:

Ամփոփելով, նա հանձնարարեց մեծ ուշադրություն դարձնել կազմակերպական խնդիրների լուծմանը, որակի վերահսկման մեխանիզմների մշակմանը, ինչպես նաև ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարին:

Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև կանոնակարգերի փոփոխությունների և ուսումնական գրականության հաստատմանը վերաբերող, ինչպես նաև այլ ընթացիկ հարցերի:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook