Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահ Դինա Մայրեդը վստահեցնում է, որ քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ

26.04.2017

ԵՊԲՀ-ում այսօր անցկացված կոնգրեսը մեկ հարկի տակ էր համախմբել քաղցկեղը հաղթահարած մարդկանց, ոլորտի մասնագետներին ու ապագա բժիշկներին: Կոնգրեսին Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նորընտիր նախագահ Դինա Մայրեդը, լինելով քաղցկեղը հաղթահարածի մայր, անդրադարձավ այս հիվանդության հիմնախնդիրներին և հանդես եկավ հատուկ՝ «Քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ» զեկույցով:

Հորդանանի արքայադուստրը նշեց, որ Հայաստան այցելելու հնարավորությունը բաց չի թողել ոչ միայն հիվանդության դեմ պայքարողներին, նրանց հարազատներին աջակցելու, ոլորտի զարգացմանը նպաստելու, այլև Հորդանանում հայկական համայնքին և հայերին շատ մոտ լինելու համար:

Դինա Մայրեդը Քաղցկեղի վերահսկման միջազգային միության (Union for International Cancer Control, կրճատ՝ UICC)՝ ազգությամբ առաջին արաբ նախագահն է: Խոշորագույն այս կառույցը հիմնադրվել է 1933թ.-ին, Ժնևում և միավորում է 155 երկրի 950 կազմակերպություն: Դինա Մայրեդը ճանաչված և սիրված է արաբական աշխարհում, բազմիցս ելույթ է ունեցել ՄԱԿ-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ հեղինակավոր ամբիոններից: Արքայադուստրը երկար տարիներ ղեկավարել է Հուսեյին թագավորի Քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամը և իր գործունեությամբ նպաստել է Հորդանանում ուռուցքաբանության զարգացմանը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը քաղցկեղի դեմ պայքարում մեծապես կարևորեց ոչ միայն բուժական, այլև կանխարգելման և իրազեկման աշխատանքների իրականացումը:Իր խոսքը դահլիճում ներկա ապագա բժիշկներին ուղղելով՝ ռեկտորն ընդգծեց, որ բժիշկը գնահատական ստանում է ոչ միայն քննությունների միջոցով. իրական գնահատականը հիվանդասենյակում է, երբ թե հաղթանակի, թե պարտության պահին նա պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր պացիենտի առողջության համար: Ոչ միայն քաղցկեղը, այլև մյուս հիվանդությունները հաղթահարելու համար նա ուսանողներին կոչ արեց զինվել գիտելիքներով և ամենակարևորը՝ օժտված լինել մարդկային հատկանիշներով, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել բժշկությունը:

Համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ՝ այսօր Դինա Մայրեդին շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում:

Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության Միջազգային հարաբերությունների կոմիտեի նորընտիր ղեկավար, Հնդկաստանի ուռուցքաբանության միության փոխնախագահ Դինեշ Փենդհարքարը:

ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն իր ելույթում ընդգծեց, որ Հորդանանի արքայադստեր օրինակն ու այս կոնգրեսի անցկացումը նոր շունչ են փոխանցում քաղցկեղի դեմ պայքարին:

Կոնգրեսն առանձնահատուկ էր նրանով, որ քաղցկեղ ունեցող մարդկանց խնդիրներների մասին խոսեցին հենց նրանք, ովքեր հաղթահարել են այս ծանր հիվանդությունը:

Էդգար Գյանջումյանը, Վարդուհի Սարգսյանը, Անահիտ Բարսեղյանը, Մանիկ Տեր-Գրիգորյանը ներկայացրին իրենց պատմությունները: Նրանց խոսքով՝ շատ կարևոր է, որպեսզի հիվանդությունը հաղթահարելիս մարդիկ իրենց միայնակ չզգան, կարողանան բարձրաձայնել իրենց խնդիրների մասին և համատեղ հաղթահարել դրանք:

Նշվեց, որ քաղցկեղի վերջնական հաղթահարումը բժշիկների բարեխիղճ աշխատանքի, կամքի ուժի դրսևորման, հարազատների սիրո և աջակցության արդյունքն է:

Նորին մեծություն Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը Հայաստանում է՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հրավերով: Արքայադստեր եռօրյա այցը Հայաստան կնպաստի մեր երկրի ուռուցքաբանական կազմակերպությունների ներգրավմանը համաշխարհային բժշկական այս միությանը, ինչն էլ, իր հերթին, կխթանի ուռուցքաբանության զարգացմանը:

Կոնգեսրի շրջանակում բեմում և նախասրահում ներկայացված էր Վիգեն Մնոյանի «Սեր» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը:

 

Science Week 2017

Announcements


Find us on Facebook