Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ՌԴ առաջատար առիթմոլոգ Պավել Մեզենցևը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում ներկայացնում է իր մասնագիտական փորձը

23.12.2016

Համագործակցությունն ընդլայնելու և փորձի փոխանակման նպատակով «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության առաջատար առիթմոլոգ, սիրտ-անոթային վիրաբույժ Պավել Մեզենցևին: Անվանի մասնագետի ղեկավարած բժշկական խումբը երկօրյա այցի շրջանակում համալսարանական հիվանդանոցում կիրականացնի բուժական միջամտական գործողություններ: Այցն ունի նաև կրթական բաղկացուցիչ և ուսանողներին հնարավորություն կտա առավել ընդլայնել սրտի ռիթմի խանգարումների ժամանակ անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ գիտելիքները, զարգացնել գործնական հմտությունները:

ԵՊԲՀ անհետաձգելի սրտաբանության ամբիոնի պրոֆեսոր և վարիչ, համալսարանական ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի ղեկավար Հմայակ Սիսակյանի գնահատմամբ՝ սրտի ռիթմի խանգարումների ժամանակ կլինիկական առիթմոլոգիայի մասնագետ Պավել Մեզենցևի մոտեցումներն էականորեն տարբերվում են, քանի որ կիրառվում է սրտի եռաչափ քարտեզավորում: Այս մեթոդն այլ մեթոդների համեմատ թույլ է տալիս ստանալ ավելի մանրամասն տեղեկատվություն՝ ամբողջական պատկեր, ինչն էլ հեշտացնում և կարգավորում է բժշկական միջամտությունների իրականացման գործընթացը:

Հմայակ Սիսակյանը տեղեկացրեց, որ անվանի բժշկի հետ համագործակցությունը սկիզբ է դրվել մեր համալսարանի կլինիկական օրդինատոր Կարեն Հարությունյանի միջոցով, ով Մոսկվայում առիթ է ունեցել լինելու Պավել Մեզենցևի կլինիկայում և ծանոթանալու նրա կողմից կիրառված նորարարություններին:

Նշենք, որ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանի ուղեկցությամբ բժշկական խումբն այսօր հանդիպել է նաև ռեկտորի պաշտոնակատար Արմեն Մուրադյանի հետ: Քննարկվել են հետագա համագործակցության և երիտասարդ մասնագետների վերապատրաստման հնարավորությունները:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook