Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Բարեգործությունը բումերանգ է. «Հերացի» ավագ դպրոցն ամփոփեց միջոցառումների շարքը

22.12.2016

ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի «Բարեգործությունը բումերանգ է» խորագրով միջոցառումների շարքն այսօր ամփոփվեց համերգային մեծ ծրագրով: Շարունակելով ձևավորված ավանդույթը՝ բարեգործական միջոցառումներց ստացած հասույթն այս տարի կփոխանցվի Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Տրետուք գյուղի 15 նախադպրոցական և 45 դպրոցական տարիքի երեխաներին: Միջոցառումը մեկնարկեց օրհնության կարգով:

Տոնական համերգին մասնակցում էին ոչ միայն դպրոցի շնորհալի աշակերտներն ու շրջանավարտները, այլև այլ երաժշտական և պարային խմբեր: «Հպարտ եմ, որովհետև այս նապաձեռնությամբ մենք ոչ միայն դարձանք բարի կամքի, բարեգործության գաղափարի կրողը, այլև իրականացնողն ու տարածողը»,- ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նշեց ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնելով կրթական հաստատության բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր մեծ նվիրումով են աշխատել նախաձեռնությունը կյանքի կոչելու համար:

Նա տեղեկացրեց, որ դպրոցի զարգացման ծրագրով 2015 թվականից մշակվել և հաստատվել է հստակ գործողությունների պլան, որն ուղղված է աշակերտների արժեքային համակարգի զարգացմանը, բարեգործության մշակույթի ձևավորմանը, նախաձեռնող հատկանիշներ ունեցող, հայրենասեր և բանիմաց քաղաքացիների կերտմանը: Դեկտեմբերին մեկնարկած «Բարեգործությունը բումերանգ է» խորագրով միջոցառումների շարքի շրջանակում ծնողների և աշակերտների նախաձեռնությամբ երեխաների մեջ ձեռնարկատիրական հմտություններ, մարդասիրական արժեքներ և քաղաքացիական դիրքորոշում ձևավորելու նպատակով կազմակերպվել են քաղցրավենիքների, ինչպես նաև ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքներ:

Բարեգործական միջոցառումների շարքից ստացված հասույթը կտնօրինի աշակերտական և ծնողական խորհուրդների ներկայացուցիչներից ձևավորված հանձնաժողովը: Նշենք, որ 2012 թվականից հերացիականներն Ամանորին ընդառաջ հանդես են գալիս բարեգործական նախաձեռնությամբ: Առաջին 3 տարիների ընթացքում աշակերտական և ծնողական համայնքի ներկայացուցիչները դպրոցի աշխատակիցների ուղեկցությամբ այցելում էին հիվանդանոցներ և մանկատներ` երեխաներին նվիրելով քաղցրավենիքներ, մրգեր, ամանորյա նվերներ և գրենական պարագաների փաթեթներ:

2014-2015 ուսումնական տարվա ընթացքում սննդամթերքի, հագուստի փաթեթներ և դրամական աջակցություն է տրամադրվել ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի Ստեփանյանների սոցիալապես անապահով ընտանիքին: Իսկ 2015 թվականին իրականացված բարեգործական միջոցառումների արդյունքում ձևավորված հասույթը փոխանցվել է սահմանամերձ Կուտական գյուղի երեխաներին և Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի Արշակյանների բազմազավակ ընտանիքի փոքրիկներին: Սահմանամերձ գյուղերի ընտրությունը պատահական չէ, քանի որ սահմանամերձ բնակավայրերի յուրաքանչյուր բնակիչ զինվոր է:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook