Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Բժշկությունն այն ոլորտը չէ, որտեղ հնարավոր է աշխատել միլիոններ. Կուդզաևի հորդորն ապագա բժիշկներին

14.12.2016

1988 թվականին Սպիտակի աղետալի երկրաշարժին հաջորդող օրերին Երևան ժամանած և Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում բուժօգնություն ցուցաբերած պլաստիկ վիրաբույժ Կազբեկ Կուդզաևն այսօր հյուրընկալվել էր բժշկական համալսարանում:

Մեր համալսարանի 1-ին լսարանում ապագա բժիշկներին նա ներկայացրեց իր մասնագիտական ուղին: Բժիշկը պլաստիկ վիրաբուժությամբ զբաղվում է 1982 թվականից: Տարիներ շարունակ արդեն իր սեփական կլինիկան ղեկավարող մասնագետը ուսանողներին ներկայացրեց իր որպես բժիշկ կայացման մանրամասները, որոնց առանցքում էին աշխարհի տարբեր անկյուններում, տարբեր իրավիճակներում հայտնված մարդիկ, ում կյանքում բժիշկը վճռորոշ նշանակություն է ունեցել:

Կազբեկ Կուդզաևին Հայաստանի հետ կապում են կարևոր հիշողություններ: Անվանի բժիշկը 28 տարի անց կրկին Երևանում էր, իր կողմից ապաքինած հիվանդներին և հայ գործընկերներին երկրաշարժից 28 տարի անց հանդիպելու նպատակով: «Իմ հսկաները» խորագրով դասախոսությունը պատմում էր բժշկի կյանքում կարևոր մարդկանց՝ ծնողների, ընտանիքի, տասնյակ հիվանդների ու գործընկերների մասին: Ապագա բժիշկներին նա խորհուրդ տվեց ամեն անգամ պատկերացնել, որ հիվանդը ոչ թե օտար մարդ է, այլ իր հարազատը, ով ունի օգնության կարիք: Նա նաև հորդորեց ապագա բժիշկներին առանձնակի վերաբերմունք տածել այն հաստատության հանդեպ, ուր ստանում են բժշկական կրթություն, ինչպես նաև հարգել ուսուցիչներին, վերցնել նրանցից լավագույն գիտելիքները, որոնք բոլոր ժամանակներում զարգացման, առաջընթացի լավագույն երաշխիքն են: Պլաստիկ վիրաբույժը պատասխանեց նաև ուսանողների հարցերին, կարևորեց հումորի զգացումը:

«Դուք պետք է հստակ հասկանաք, թե ինչու եք ընտրել այս մասնագիտությունը: Բժշկությունն այն ոլորտը չէ, որտեղ հնարավոր է աշխատել միլիոններ»,- ասաց նա:

Ամփոփելով դասախոսությունը՝ ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար Արմեն Մուրադյանը, ընդգծեց այն գաղափարը, որ բժշկական կրթությունը պահանջում է ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև արհեստավարժություն, բարձր պատասխանատվություն, կարեկցանք, երբեմն էլ անձնական ժամանակի և տարածության զոհաբերում հանուն ուրիշ մարդկանց օգնելու գործի:

«Բժշկական համալսարանի ուսանողը ոչ թե դատարկ անոթ է, որը պետք է լցնել, այլ ջահ, որը պետք է վառել», - շեշտեց Արմեն Մուրադյանը: Նա տեղեկացրեց նաև, որ համալսարանում կայացած մասնագետների հետ հանդիպումների շարքը շարունակական է լինելու, քանի որ նրանք հնարավորություն են տալիս ապագա բժիշկներին ձևավորելու կլինիկական մտածողություն, ապահովում են որպես բժիշկ ձևավորվելու ճիշտ նախադրյալներ:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook