Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Հարազատ համալսարանը 25 տարի անց համախմբեց տարբեր սերունդների

24.11.2016

Երևանի պետական բժշկական համալսարանի «Ուսանողական աշուն 2016» փառատոնն այս տարի նվիրված էր «ԵրՄի» ՈւՀԱ թիմի 25 և ՈՒՀԱ-ի 55-ամյակներին: Երիտասարդական միջոցառումը հարազատ համալսարանում 25 տարի անց համախմբեց տարբեր սերունդների:

Բժշկական բուհում հյուրընկալվեցին «ԵրՄի» թիմի անդամներ Կարեն Ղազարյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը, Արմեն Գրիգորյանը և Ռուբեն Թումանյանը:

Տղաներն իրենց ելույթում հիշեցին թիմի ձևավորման և կայացման ուղին՝ ընդգծելով, որ բժշկական համալսարանն իրենց առաջին հերթին հնարավորություն ընձեռեց դառնալ ուրախների և հնարամիտների ակումբի անդամ: Բժշկական համալսարանի հետ են կապված թիմի անդամների ջերմ հիշողությունները:

Տղաները ԵՊԲՀ-ին փոխանցեցին բուհի տարբերանշանով՝ Մխիթար Հերացու պատկերով բրոնզաձույլ հուշանվեր, իրենք էլ բուհի կողմից 25-ամյա հոբելյանի առթիվ ստացան պատվոգիր, իրենց պատկերող քանդակներ, ինչպես նաև բժշկական գործունեության անփոխարինելի տարր հանդիսացող ճերմակ խալաթներ:

«Իրականում այս օրը շատ սպասված է, քանի որ մեկ վայրում համախմբում է դասախոսներին՝ փորձելով մեկ շնչով ևս մեկ անգամ հարգանքի տուրք տալ նաև երիտասարդ սերնդին, որն ունի վառ ապագա»,- իր ելույթում նշեց ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար Արմեն Մուրադյանը:

Նրա գնահատմամբ՝ բժշկական համալսարանը մեր երկրի առողջ ապագայի կերտման մեջ ուրույն դերակատարում ունի:

Ընդգծելով, որ յուրաքանչյուր բուհի գործունեության առանցքում ուսանողն է, Արմեն Մուրադյանը կոչ արեց երբեք չմոռանալ այն դասախոսներին, պրոֆեսորներին, ովքեր երիտասարդների համար ապահովել են ինքնադրսևորման և զարգացման լայն հնարավորություններ:

Կարևորելով սերնդափոխությունը բժշկության զարգացման բոլոր փուլում՝ նա բեմ հրավիրեց ԵՊԲՀ երկարամյա ռեկտոր, ակադեմիկոս Վիլեն Հակոբյանին: Ականավոր բժիշկ-գիտնականը ղեկավարել է բժշկական բուհը «ԵրՄի» թիմի ստեղծման, կայացման և դրան հաջորդող տարիներին:

Վիլեն Հակովյանը խոստովանեց, որ թիմի հասցեին գովասանքի խոսքեր լսելու բազմաթիվ առիթներ է ունեցել:

«Խորին շնորհակալություն եմ հայտնում տղաներին: Պատկերացրեք, թե ինչ ուրախություն էինք ապրում, որքան զանգեր էինք ստանում Մոսկվայում տեղի ունեցած ամեն մի ելույթից հետո: Օտար մարդիկ գալիս և շնորհակալություն էին հայտնում այն բանի համար, որ բժշկականում կային նման տղաներ»,- եզրափակելով իր խոսքը նշեց նա:

Ելույթ ունեցավ նաև ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ Ալեքսան Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ բժշկական համալսարանը երիտասարդների համար ինքնադրսևորման և առկա ներուժը ներկայացնելու լավ հարթակ է:

Ավանդույթի համաձայն՝ ուսանողական փառատոնի ընթացքում հնչեցին երաժշտական և հումորային կատարումներ, ելույթ ունեցավ «Մեդունի» էստրադային համույթը, ԵՊԲՀ ՈՒՀԱ «ԱՐՄՄԵԴ» թիմը:



 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook