Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Հոկտեմբերի 19-ը Բիոէթիկայի համաշխարհային օրն է

19.10.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հասարակագիտական առարկաների ամբիոնում նշվում է Բիոէթիկայի համաշխարհային օրը:

«Բիոէթիկա» տերմինն օգտագործել է ուռուցքաբան և բիոքիմիկ Վ. Պոտերը՝ ժամանակակից աշխարհում մարդկության գոյատևմանը սպառնացող վտանգի հետ կապված էթիկական հիմնախնդիրներին ընդհանուր անվանում տալու համար:

«Բիոէթիկա» առարկան ԵՊԲՀ-ում դասավանդվում է 2000թ.-ից, իսկ 2006-2007 ուստարվանից այն ընդգրկվել է պարտադիր առարկաների շարքում: 2009թ.-ին ՀՀ-ում առարկայի առաջին դասախոս, բիոէթիկայի գծով տարածաշրջանային փորձագետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ցանցի հայկական մասնաճյուղի վարիչ Սուսաննա Դավթյանի հեղինակությամբ լույս տեսավ «Բիոէթիկայի»՝ մայրենի լեզվով առաջին դասագիրքը, որը ԿԳՆ-ը երաշխավորել է որպես դասագիրք բժշկական բուհերի ուսանողների համար:

Առարկայի դասավանդման նպատակն է օգնել ուսանողներին ձեռք բերել բարոյագիտական խնդիրները ներառող գիտելիքներ՝ կապված բիոտեխնոլոգիաների աննախադեպ զարգացման և դրա անկանխատեսելի հետևանքների հետ: Հիմնական թեմաներն են՝ բարոյագիտություն, բժշկական բարոյագիտություն, դեոնթոլոգիա, կենսաբարոյագիտություն, բարոյագիտական տեսությունների դասակարգում, կենսաբարոյագիտության սկզբունքներ ու նորմեր, պատմական մոդելներ, Կանտի հայեցակարգը պարտականության մասին, բժշկական անձնակազմի, հիմնարկների պարտականությունները և հիվանդի իրավունքները, իրազեկված համաձայնություն, կլոնավորում, էվթանազիա, էվթանազիան միջնադարյան և ժամանակակից Հայաստանում (Դ. Անհաղթ, Մ. Գոշ, Ս. Գունդստաբլ և այլք), խոսքաբուժություն, երաժշտաբուժություն (Գ. Նարեկացի), հղիության արհեստական ընդհատման բարոյաիրավական հարցեր, մտավոր թույլ զարգացած անձանց իրավունքներ, հարկադրական հոսպիտալացում և ստերիլիզացում, մարդկանց և կենդանիների մասնակցությամբ կատարվող փորձարկումների էթիկական հիմնահարցեր, սոցիալական արդարությունն և քաղաքականությունն առողջապահության բնագավառում, միջազգային և ՀՀ ԱԺ հռչակագրերը, հոդվածներն ու փաստաթղթերը բիոէթիկայի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 2005թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է «Հռչակագիր բիոէթիկայի և մարդու իրավունքների մասին»: Հռչակագիրն ամփոփում է 17 սկզբունքներ, որոնց փորձարկումն առաջարկվել է հետխորհրդային տարածաշրջանից՝ Մոսկվային, Մինսկին, Կազանին և Երևանին՝ ելնելով այն հանգամանքից, որ այստեղ են գտնվում միջազգային համբավ ու վարկանիշ ունեցող, մայրենի լեզվով դասագրքեր հրատարակած ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները, ովքեր պետք է իրականացնեն հիշյալ ծրագրի փորձարկումը: Ուրախալի է նշել, որ ԵՊԲՀ ներկայացուցիչ Սուսաննա Դավթյանի շնորհիվ, ով պարբերաբար մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած գիտական նստաշրջաններին և նախագահում դրանք (Սինգապուր, Իսրայել, Իտալիա և այլն), հետխորհրդային տարածքում 4-րդ մեմորանդումը կնքվեց Երևանի հետ:

Սրտանց շնորհավորում ենք ոլորտի մասնագետներին, մաղթում նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook