Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնը մասնակցեց Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին

12.10.2016

Այսօր Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակին նվիրված՝ «Հայերենի ուսումնասիրության և կանոնակարգման արդիական խնդիրներ» միջազգային եռօրյա գիտաժողովի բացումը, որը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը:

Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը բացման խոսքում նշեց. «Գաղտնիք չէ, որ Հրաչյա Աճառյանը մեր ժամանակների ամենաբեղմնավոր և ամենամեծ հայագետ-գիտնականն է, ով գրել է բազմաթիվ գիտական աշխատություններ, որոնք ընդգրկում են հայոց լեզվի ուսումնասիրության բոլոր բնագավառները: Նա դրել է հայագիտության հիմքերը, որոնց հիման վրա շարունակվում են կատարվել հետագա աշխատանքները: Այս գիտաժողովի ընթացքում հնչելու են մեծանուն գիտնականի վաստակի ուսումնասիրությունները և գործունեության վերլուծությունները: Մաղթում եմ բոլորիս բեղմնավոր աշխատանք»:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ելույթում նշեց, որ Հրաչյա Աճառյանը ներդրումը հայագիտության գործում անչափ մեծ է. «Հատկապես այն կարևորվում է նրանով, որ հայոց լեզուն մեր ազգի գոյատևման հենասյունն է: Հայերենի ուսումնասիրությունը, տարածումը, դասավանդումը, մշակումը կարևոր խնդիր է նաև այսօր՝ 20-րդ դարում: Ցանկանում եմ, որ այս գիտաժողովի միջոցով մենք ևս մեկ անգամ կարողանանք հասարակության և հատկապես՝ լրագրողների ուշադրությունը հրավիրենք մայրենիի անաղարտության կարևորագույն հիմնահարցերին»:

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ողջունելով մասնակիցներին, նշեց. «Գիտությունների ակադեմիայում ձևավորվել է երախտավորներին հիշելու լավ ավանդույթ. սա հատկապես կարևոր է երիտասարդների համար: Այսօր մենք նշում ենք նշանավոր գիտնական Հրաչյա Աճառյանի 140-ամյակը, որը կարևոր դեր ունեցավ հայոց լեզվի ուսումնասիրության և գիտականացման գործում: Կրթվելով եվրոպական լավագույն ուսումնական հաստատություններում՝ նա որոշեց վերադառնալ Հայաստան և զարգացնել գիտությունը: Նրա երազանքն էր ստեղծել հայրենիքում գիտական և ուսումնական հաստատություններ: Նա մեծ դեր ունեցավ Երևանի պետական համալսարանի և Գիտությունների ազգային ակադեմիայի կայացման ու զարգացման կարևորագույն գործում: Մաղթում եմ բոլորիս հետաքրքիր քննարկումներ և բեղմնավոր աշխատանք այս գիտաժողովի ընթացքում»:

«Հայերենի ուսումնասիրության և կանոնակարգման արդիական խնդիրներ» միջազգային գիտաժողովի լիագումար նիստը շարունակվեց զեկուցումներով. հնչեց նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող Հենրիետա Սուքիասյանի ելույթը, որում նա մասնավորապես նշեց. «Համալսարանի հայոց լեզվի ամբիոնը իր կարևոր գործառույթներից է համարում բժշկագիտական տերմինների կանոնակարգումը և մշակումը: Այդ աշխատանքները լիարժեք իրականացնելու համար մշակվել է համալիր ծրագիր, համաձայն որի՝ անհրաժեշտ է ի մի բերել առողջապահության բնագավառի բոլոր անվանումները, հասկացությունները և տերմինները, իրենց տարբերակներով, հոմանիշներով, ինչպես նաև անգլերեն թարգմանություններով, կատարել ճշգրտումներ, լրացնել այն բացերը, որոնք առկա են այսօր բժշկական տերմինաբանության մեջ, օգնել բուժանձնակազմին հայերենով ճիշտ լրացնելու փաստաթղթերը՝ ախտորոշում, հիվանդության պատմություն և այլն»:

Նիստի ավարտին Բժշկական համալսարանի «Վերնատուն» երգչախմբի ուսանող-սաները՝ ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի ասմունքեցին հայերենով և կատարեցին հայ ժողովրդական երգեր:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook