Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Գիտական շաբաթ ԵՊԲՀ-ում

29.09.2016

Ուսումնական տարին դեռ նոր է սկսվել, իսկ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական եռուզեռն իրեն երկար սպասել չի տալիս: Սեպտեմբերի 22-28-ը մասնագիտական դասախոսություններով հանդես եկան մի շարք հեղինակավոր գիտնականներ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Դանիայից, Ավստրալիայից, կազմակերպվեցին քննարկումներ, կլոր սեղաններ:

Սեպտեմբերի 22-ին իր հիմնադրած ուղղության մասին «Զեբրաֆիշ մոդելի կիրառումն ուղեղային խանգարումների և ԿՆՀ նոր դեղամիջոցների բացահայտման ոլորտում» զեկուցմամբ հանդես եկավ ԱՄՆ-ի Զեներեի գիտահետազոտական կենտրոնի (ZENEREI research center) տնoրեն, պրոֆեսոր Ալան Կալուևը:

Սեպտեմբերի 23-ին ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայտնի հայ գիտնական Ալան Սաղաթելյանի դասախոսությունը՝ վերջին տարիներին կենսաբանության նոր մեթոդների օգտագործմամբ բացահայտված ինսուլինի ռեզիստականության պաթոգենետիկ մեխանիզմների և լիպիդային սպեկտրի սպեցիֆիկ փոփոխությունների մասին։ Դասախոսության ավարտին կլոր սեղանի շուրջ երիտասարդ գիտնականները հնարավորություն ունեցան ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը Ալան Սաղաթելյանին:

Սեպտեմբերի 26-ին Բժշկական համալսարանում հյուրընկալվեցին երկու մասնագետ: Անոթային հետազոտության կենտրոնի տնօրեն, Սիդնեյի New South Wales համալսարանի անդամ, նախկին NHMRC և պաթոլոգիայի պրոֆեսոր Լևոն Խաչիկյանը, ով հանդես եկավ «Անոթային ախտաբանության մեջ աճը կարգավորող տրանկրիպցիոն համակարգերը» դասախոսությունով: Պրոֆեսոր Խաչիկյանը պատմեց ԴՆԹ ֆերմենտների մասին, որոնք ապագայում կարող են դառնալ քաղցկեղի բուժման և հետագա չարորակ գոյացությունների կանխարգելման միջոց:

Բուհի մյուս հյուրն էր ԱՄՆ UCLA համալսարանի գիտնական Վայնե Գրոդին, ով մասնակիցներին ներկայացրեց «Հայկական գենոմային նախագիծ» դասախոսությունը։ Նա նշեց, որ իր նպատակն է սեկվենավորել հայկական գենոմը` պոպուլացիոն գենետիկան ուսումնասիրելու և անհատականացված (գենոմային) բժշկությունը զարգացնելու համար:

Գիտական շաբաթն ամփոփվեց սեպտեմբերի 28-ին ՈՒԳԸ նախաձեռնությամբ կազմակերպած կլոր սեղան-քննարկումով: Զեկուցումներով հանդես եկան ԱՄՆ Տուֆտցի համալսարան սիրտ-անոթային համակարգի հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիդ Ղուկասյանը և Դանիայի քաղցկեղի հետազոտական կենտրոնի գիտնական Մարիամ Գրիգորյանը: Քննարկման հիմնական թեման էր քաղցկեղը, և դրա՝ Հայաստանում մահացության ցուցանիշներով առաջին տեղը գրավելու պատճառները:

Նշենք, որ բոլոր դասախոսությունները և կլոր սեղանները մեծ հետաքրքրություն հարուցեցին երիտասարդ գիտնականների շրջանում: Դրանք ուղեկցվում էին բազմաթիվ հարցերով և բուռն քննարկումներով:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook