Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Հայաստանը անդամակցեց Եվրոպական նյարդավիրաբույժների ասոցիացիայի կրթական կոմիտեին

3.10.2016

Սեպտեմբերին՝ Աթենքում կայացած Եվրոպական նյարդավիրաբույժների ասոցիացիայի վեհաժողովի ընթացքում, ԵՊԲՀ Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների վիրաբուժության մասնագիտացված կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը ընտրվեց Եվրոպական նյարդավիրաբույժների ասոցիացիայի կրթական կոմիտեի անդամ, Հայաստանի ներկայացուցիչ: Իսկ թե ինչ է դա տալիս հայրենական նյարդավիրաբուժությանը և մասնավորապես Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանին, զրուցեցինք Ռուբեն Ֆանարջյանի հետ:

Նախ ցանկանում եմ նշել, որ այսօր նյարդավիրաբուժությունը բժշկության արագ զարգացող ոլորտներից մեկն է և խիստ արդիական: Դա է փաստում նաև այն հանագամանքը, որ Եվրոպական նյարդավիրաբույժների ասոցիացիայի վեհաժողովները նախկինում անցկացվում էիր չորս տարին մեկ, իսկ այժմ որոշվել է այն իրականացնել երկու տարին մեկ, և հաջորդը նույնիսկ կկայանա մյուս՝ 2017թ.-ին Վենետիկում:

Շատ եմ կարևորում Եվրոպական նյարդավիրաբույժների ասոցիացիայի կրթական կոմիտեում Հայաստանի անդամակցությունը. այն թույլ կտա մեզ էլ ավելի զարգացնել այս ոլորտը: Մեր համագործակցությունը ասոցիացիայի հետ ընթանալու է երկու հիմնական ուղղություններով՝ կրթության որակի բարելավում և փորձի փոխանակում: Սակայն դա իրագործելու համար մեզ նախ անհրաժեշտ է համապատասխանեցնել մեր հետբուհական կրթական ծրագրերը եվրոպական կրթական ծրագրերին, իսկ դա բավականին լուրջ և երկարատև գործընթաց է, որը պետք է արվի աստիճանաբար:

Խոսքս առաջին հերթին վերաբերում է ռեզիդենտուրայում ուսանելու տարիների ավելացմանը. նախկին 4 տարիների փոխարեն՝ 6 տարի, ինչպես դա արդեն իսկ արվում է եվրոպական շատ երկրներում, իսկ մինչ այդ արվում էր Միացյալ Նահանգներում: Այդ տարիների ընթացքում ռեզիդենտը պարտավոր է մի շարք գործողություններ կատարել ինքնուրույն, այսինքն՝ արդյունքում գրեթե պատրաստ է որպես բժիշկ:

Փոփոխություններ նախատեսվում է անցկացնել նաև ավարտական քննական գործընթացում: Եվրոպական երկրներում քննություն ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկված չեն այն մասնագետները, ովքեր մասնակցել են դասապրոցեսին:

Այսպիսով՝ ապահովվում է անկողմնակալությունը: Այդ օրինակին հետևելու արդյունքում մենք կարող ենք ստանալ փորձագետի մասնագիտական կարծիք, որը կօգնի նաև բացահայտել թերացումներն ու բացթողումները: Շատ եմ կարևորում այս հանգամանքը: Իմ կարծիքով՝ լավագույն տարբերակը կլինի միջազգային փորձագետի մասնակցությունը քննական գործընթացին: Այս դեպքում ակնկալվում է պատասխան անգլերեն լեզվով, որն այսօր անհրաժեշտ է մասնագետին թե՛ վերապատրաստումներին մասնակցելու, թե՛ գիտական գործունեություն ծավալելու համար:

Արդյոք Եվրոպական նյարդավիրաբույժների ասոցիացիայի անդամ բոլոր երկրներում կրթական ծրագրերը նու՞յնն են:

Զարգացած երկրներում գրեթե այո, սակայն քանի որ վերջին տարիներին ասոցիացիայի կազմում ընդգրկվում են նաև զարգացող երկրներ, այսպես կոչված ունիֆիկացիան հասկանալի պատճառներով դեռ գործընթացի մեջ է. յուրաքանչյուր երկիր ուսուցումն իրականացնում է յուրովի՝ նախկինում մշակված ծրագրով: Ակնհայտ է, որ համապատասխանեցումը չի իրականանա մեկ օրվա ընթացքում, սակայն արդյունքում ապագա մասնագետը կարող է ստանալ որակավորում Եվրոպական նյարդավիրաբույժների ասոցիացիայի կողմից, ինչը հնարավորություն կտա նրան աշխատելու բազմաթիվ երկրներում առանց որևիցե խոչընդոտի:

Իսկ ի՞նչ է արվելու փորձի փոխանակման ուղղությամբ:

Փորձի փոխանակումը ենթադրում է վերապատրաստում արտերկրում՝ թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ: Շատ եմ կարևորում այս հանգամանքը, քանի որ դա թույլ կտա մեր մասնագետներին ավելի համակարգված, կանոնավոր ինտեգրվել համաշխարհային բժշկության զարգացումներին: Սակայն համագործակցության շրջանակներում նախատեսվում են նաև մասնագետների այցեր Հայաստան, ինչը ապագա նյարդավիրաբույժների համար ավելի մատչելի կդարձնի մասնակցությունը դասախոսություններին, վիրահատություններին, քննարկումներին, ծանոթությունը ոլորտի նորություններին և, ի վերջո, կրեդիտներ հավաքելու հնարավորություն կստեղծի, որն անհրաժեշտ է որակավորում ունենալու համար:

Ե՞րբ է սկսվել Եվրոպական նյարդավիրաբույժների ասոցիացիայի հետ համագործակցությունը:

Հայաստանի նյարդավիրաբույժների ասոցիացիան տարիներ շարունակ անդամակցում է Եվրոպական նյարդավիրաբույժների ասոցիացիային. ես ինքս պարբերաբար մասնակցում եմ վեհաժողովներին: Բնականաբար նախկինում նույնպես եղել են վերապատրաստումներ, մասնագետների այցեր Հայաստան, կազմակերպվել են այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են Սևծովյան երկրների 9-րդ միջազգային նյարդավիրաբուժական կոնգրեսը, Նյարդավիրաբույժների միջազգային կոնգրեսը և այլն: Այս ամենն աննկատ չէր մնում և նպաստեց էլ ավելի սերտ համագործակցությանը:

Անդամակցությունը Եվրոպական նյարդավիրաբույժների ասոցիացիայի կրթական կոմիտեին թույլ կտա Հայաստանին առավել լիարժեք ընդգրկվելու և մասնակցելու համաշխարհային բժշկության զարգացումներին:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook