Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Կայացավ «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» կազմակերպության 10-ամյակին նվիրված Ընտանեկան բժշկության 4-րդ միջազգային երկօրյա գիտաժողովը

10.10.2016

Ս/թ հոկտեմբերի 7-8-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» կազմակերպության 10-ամյակին նվիրված Ընտանեկան բժշկության 4-րդ միջազգային երկօրյա գիտաժողովի բացումը: Հանդիսավոր միջոցառման ընթացքում «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» կազմակերպության և Royal College of General Practitioners-ի (Լոնդոն) միջև ստորագրվեց փոխըմբնման հուշագիր, որով նախատեսվում է համագործակցություն մինչև 2021թ.-ը:

Գիտաժողովի բացմանը հնչեց ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի ուղերձը միջոցառման մասնակիցներին. «1997թ.-ին ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ առողջապահության առաջնային օղակում սկսվեցին բարեփոխումներ. բժշկական համալսարանում ստեղծվեցին ընտանեկան բժշկության ամբիոններ, որտեղ հաջողությամբ իրականացվում էր և շարունակում է իրականացվել այս ծրագրի կրթական բաղադրիչը: Իսկ 2006թ.-ին ստեղծվեց «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» կազմակերպությունը, քանի որ արդեն ժամանակն էր, որպեսզի ընտանեկան բժշկությունը դառնա ակադեմիական դիսցիպլինա: Տարիների ընթացքում մենք եկել ենք այն եզրակացության, որ ընտանեկան բժշկությունը պետք է ունենա պրոֆեսիոնալ գործունեության հստակ դաշտ, մասնագիտական զարգացման հստակ ծրագիր. այդ առումով մենք մեծ հույսեր ենք կապում այս գիտաժողովի հետ, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում արդյունավետ աշխատանք»:

ԸԲԱՄ համանախագահ Մարինա Օհանյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, ասաց. «Ուրախ եմ այսօր ողջունելու Ձեզ: Այս գիտաժողովը նվիրված է «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» կազմակերպության 10-ամյակին, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս: Մեր կազմակերպության անվանումը խորհրդանշական է. «միավորում»-ը սոսկ բառ չէ, այն նշանակում է, որ մենք միավորում ենք ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի և արտերկրի բոլոր հայազգի ընտանեկան բժիշկներին, ինչը հաջողությամբ իրականացվում է արդեն մեկ տասնամյակ»:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կարևորեց առաջնային օղակի մասնագետների, մասնավորապես` ընտանեկան բժիշկների դերը բնակչության առողջության պահպանման գործում։ «Հանրապետության նախագահից ես հանձնարարական եմ ստացել, որպեսզի իմ պաշտոնավարման ընթացքում առավելագույն միջոցներ ներդրվեն առողջապահական համակարգի գործունեության արդյունավետության բարձրացման, կարևոր ցուցանիշների բարելավման ուղղությամբ։ Այդ գործում ես տեսնում եմ ձեր մեծ դերակատարությունը և ակնկալում անկաշկանդ համագործակցություն»,-ասաց նախարարը։

Գիտաժողովի առանցքային թեմաներն էին՝ շնչառական համակարգի արդի խնդիրները, ԼՕՌ հիվանդությունների բուժման սկզբունքները, փսիխոսոմատիկ հարցերը և ԱԱՊ օղակի բժիշկների գործնական աշխատանքում հաճախ հանդիպող այլ առողջական խնդիրները: Հատկապես կարևորվում է առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների ախտորոշման, կառավարման, կանխարգելման և բուժման ժամանակակից մոտեցումները:

Նշենք, որ գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան փորձառու մասնագետներ Հայաստանից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսի Հանրապետությունից և Վրաստանից: Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու ընտանեկան բժշկության զարգացման միջազգային միտումներին ու հեռանկարներին, քննարկելու բժշկության արդի հիմնախնդիրները, ինչպես նաև փոխանակելու առաջավոր փորձը: Ընտանեկան բժշկության 4-րդ միջազգային գիտաժողովի աշխատանքներին մասնակցեցին ավելի քան 350 բժիշկներ ինչպես Երևանից, այնպես էլ ՀՀ մարզերից և Արցախից:

Միջոցառման ավարտին գիտաժողովի մասնակիցները կստանան համապատասխան կրեդիտներով վկայագրեր:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook