Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Բարի գալուստ, սիրելի՛ առաջին կուրսեցիներ

31.08.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հերթական անգամ իր հյուրընկալ դռներն էր բացել առաջին կուրսեցիների առջև: Նրանց գալիք Գիտելիքի, գրի և դպրության օրվա՝ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ շնորհավորեց բուհի ղեկավարությունը՝ ռեկտոր Միքայել Նարիմանյանի գլխավորությամբ:

Դիմելով ընդհանուր բժշկության ֆակուլտետ ընդունված առաջին կուրսեցիներին՝ ռեկտոր Միքայել Նարիմանյանը ասաց. «Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ: Դուք ընտրել եք ամենամարդասիրական և, ըստ իս, ամենալավ մասնագիտությունը: Մեր նպատակը ձեր ուսումը, ձեր ուսանողական տարիներն անցնեն առավել հետաքրքիր: Տեսական գիտելիքներ ստանալուց բացի, դուք հնարավորություն կունենաք տեղում տեսնելու, թե ինչպես են աշխատում մեր կլինիկաներն ու լաբորատորիաները, բժշկական ինչ մեթոդներ են օգտագործվում այնտեղ, այսինքն՝ կստանաք նաև կլինիկական գիտելիքներ: Եվ այստեղ դուք նաև հնարավորություն կունենաք ուսանելու հանրապետության լավագույն մասնագետների մոտ: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ և ձեր ծնողներին ու մաղթում նորանոր հաջողություններ»: Ֆակուլտետի դեկան Նունե Շահվերդյանը ևս շնորհավորեց ուսանողներին՝ մաղթելով, որ այսօր նրանց պատած խանդավառությունը ուղեկից լինի կրթության բոլոր աստիճաններում:

Շնորհավորելով ստոմատոլոգիական ֆակուլտետի առաջին կուրսեցիներին՝ Միքայել Նարիմանյանն ասաց. «Ստոմատոլոգիան բժշկագիտության կարևոր ճյուղերից է, և մեծ զարգացում է ապրում. գովելի է, որ այսքան երիտասարդներ այսօր ընտրել են հենց այս մասնագիտությունը: Շնորհավորում եմ ձեզ և մաղթում հետաքրքիր ու գիտելիքներով լի ուսանողական կյանք»:

Ապագա դեղագետներին շնորհավորելով և նրանց ներկայացնելով բուհի ղեկավարությանը՝ ռեկտորը նշեց, որ նրանք ընդունվել են մի կարևորագույն ֆակուլտետ, որն իր ուրույն տեղն ունի բժշկագիտության մեջ: «Դուք ընտրել եք մի մասնագիտություն, որն անընդհատ զարգանում է, որը «սպասարկում» է բուժական գործը, քանի որ առանց դեղորայքի հնարավոր չէ իրականացնել բուժական ոչ մի գործընթաց: Եվ բժշկագիտության այս ճյուղն ուղղված է ոչ միայն հիվանդության բուժմանը, այլև կանխարգելմանը և վաղ ախտորոշմանը: Շնորհավորում եմ բոլորիդ՝ բուհ ընդունվելու կապակցությամբ և մաղթում բազմաթիվ հաջողություններ»:

Ռազմաբժշկական ֆակուլտետում ևս կայացավ նոր ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառում, որի ընթացքում ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողները կրկնակի երդում տվեցին՝ հիպոկրատյան և զինվորական: Զինվորական կարգով կուրսանտները երդվեցին պատվով ու նվիրումով կատարել իրենց ծառայողական պարտականությունները:

Երդման արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանը, ռազմաբժշկական ֆակուլտետի դասախոսները՝ ֆակուլտետի պետ Սամվել Գալստյանի գլխավորությամբ, կուրսանտների հարազատներ:

Արդյունավետ ուսումնառություն ու խաղաղ ծառայություն մաղթելով կուրսանտներին՝ ներկաները կարևորեցին ապագա ռազմական բժիշկների՝ գիտակցաբար կատարած մասնագիտության ընտրության որոշումը հատկապես ապրիլյան ռազմական գործողություններից հետո, և վստահություն հայտնեցին, որ կուրսանտներն ուսումնառության ավարտին պատվով կիրականացնեն իրենց դժվարին, բայց պատվաբեր ու անգնահատելի առաքելությունը՝ որպես օրինակ ունենալով Արցախյան ազատամարտի օրերին և ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում զինվորի կյանքը փրկելու համար սեփական կյանքը վտանգած ռազմական բժիշկների հերոսությունն ու նվիրումը:

Շնորհավորելով ֆակուլտետի առաջին կուրսեցիներին՝ ռեկտորն ընդգծեց, որ ռազմական բժշկությունը այսօր մեր երկրում բժշկագիտության կարևորագույն ուղղություններից մեկն է, և մենք պետք է ապահովենք ոչ միայն սահմանին կանգնած զինվորի, սպայի, այլև նրանց ընտանիքների առողջությունը:

Այնուհետև կուրսանտներին շնորհավորեց նաև ֆակուլտետի պետ Սամվել Գալստյանը՝ մաղթելով նրանց հաջողություններ: Իսկ միջոցառման ավարտին ֆակուլտետի ուսանողները զինվորական քայլերգի հնչյունների տակ ցուցադրական ելույթով ողջունեցին ներկաներին:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook