Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ճի՛շտ ընտրեք մասնագիտությունը և ամբողջությամբ նվիրվե՛ք դրան

12.07.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 658 շրջանավարտ ստացան ավարտական դիպլոմներ, որոնցից 39-ին գերազանցության վկայականները հանձնենց ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը: Շնորհավորելով շրջանավարտներին՝ Միքայել Նարիմանյանը առաջին հերթին ամուր առողջություն մաղթեց նրանց. «Քանի որ ձեր ամուր առողջությունը, ստացած գիտելիքները և նվիրվածությունն ընտրված մասնագիտությանը կփրկեն ձեր պացիենտների կյանքը, ճի՛շտ ընտրեք մասնագիտությունը և ամբողջությամբ նվիրվե՛ք դրան»:

Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, բուհի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, հյուրեր:

Շրջանավարտներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Սրբազան Հայրապետի օրհնանքը փոխանցեց և բարի երթ մաղթեց Երևանի պետական համալսարանի աստվածաբանական ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:

Շնորհակալական խոսքով հանդես եկավ 2015-2016թ.-ի շրջանավարտ, Ուսանողական խորհրդարանի նախագահ Ալեքսան Հովհաննիսյանը, որն իր երախտագիտությունը հայտնեց բուհի ղեկավարությանը և պրոֆեսորադասախոսական անձնակազմին: «Դուք մեզ ուսացանել եք ոչ միայն բժշկագիտություն, այլ նաև սովորեցրել եք հոգատար և մարդասեր լինել: Ի պատասխան դրան՝ բոլոր ուսանողներիս պարտքն է վառ պահել մեր Ալմա մաթերի ճրագը»,- ասաց նա:

Ապա հնչեց Հիպոկրատի երդումը, և 658 շրջանավարտ երդվեցին միշտ, անկախ ամեն ինչից, հետևել մեծ բժշկապետիտի պատգամներին. «Ստանալով բժշկի բարձր ու պատվավոր կոչում և անցնելով բժշկական գործունեության՝ երդվում եմ լինել Հիպոկրատի, Մխիթար Հերացու և այլ մեծանուն բժշկապետերի ավանդույթների

արժանի հետևորդը, բարեխղճորեն ու պատասխանատվությամբ կատարել մասնագիտական պարտականություններս, անշահախնդրորեն օգնել հիվանդին, մեղմել նրա տառապանքները` անկախ նրա ազգությունից, քաղաքական հայացքներից, կրոնական դավանանքից, չչարաշահել հիվանդի վստահությունը, պահպանել բժշկական գաղտնիքը…»

Միջոցառումն ուղեկցվեց մշակութային ծրագրով: Երեկոն երաժշտական հչյուններով զարդարում էր Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը՝ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ: Ապագա բժիշկներին իրենց կատարումներով շնորհավորեցին Ֆորշը, Մհեր Արմենիան, Ռադիկ Գաբրիելյանը և այլք:

Միջոցառումն անցավ ջերմ և հուզիչ մթնոլորտում:







Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook