Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Օտարերկրացի ուսանողները երդվեցին հավատարիմ մնալ Հիպոկրատի երդմանը

11.07.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ օտարերկրացի ուսանողների ավարտական հանդիսությունը: ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետների դիպլոմներ ստացան 133 շրջանավարտ Հնդկաստանի Հանրապետությունից,Իրանի Իսլամական Հանրապետությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանի Դաշնությունից, Սիրիայի Արաբական Հանրապետությունից, Վրաստանի Հանրապետությունից, Իսրայելից, Ղազախստանի Հանրապետությունից, Լիբանանի Հանրապետությունից, Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետությունից, Բահրեյնից, Հայաստանի Հանրապետությունից, Իրաքի Դաշնակցային Հանրապետությունից և Կանադայից:

ԵՊԲՀ օտարերկրացիների ուսուցման ֆակուլտետի դեկան Աննա Սարգսյանը, սլայդով ներկայացնելով բոլոր այն երկրները, որտեղից ժամանել էին երիտասարդները Բժշկական համալսարանում ուսանելու համար, ասաց. «Սիրելի՛ շրջանավարտներ, դուք անցել եք երկար ճանապարհ, հաղթահարել եք մեծ դժվարություններ, արդյունքում ձեռք եք բերել մասնագիտական գիտելիքներ և դարձել բժիշկներ, ստոմատոլոգներ, դեղագետներ: Թույլ տվեք շնորհավորել ձեզ ևս մեկ անգամ, մաղթել նորանոր հաջողություններ: Հուսով եմ՝ դուք երբեք չեք մոռանա ձեր Ալմա մատերը և Հայաստանը»:

Այնուհետև հնդիկ շրջանավարտ Չիռանջիտ Ռոյը հայերենով և հինդիով կարդաց Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը, որով ՀՀ նախագահի նստավայրում իր ելույթը սկսեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ս/թ հունիսին` իր Հայաստան այցի ժամանակ:

Շրջանավարտներին շնորհավորեց նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն Յոգեշվար Սանգվանը. «Ես ուզում եմ սրտանց շնորհավորել բոլոր շրջանավարտներին և նշել, որ այսուհետ դուք զբաղվելու եք բժշկությամբ, սակայն երբեք մի մոռացեք սեր, լավ տրամադրություն, դրական էմոցիաներ փոխանցելու մասին»:

Հիպոկրատի երդումը հնդիկ ուսանողուհու հայերեն ընթերցանությամբ լսելուց հետո օտարերկրացի շրջանավարտները երեք անգամ բացականչեցին «երդվում եմ» և ավանդույթի համաձայն վեր գցեցին իրենց գլխարկները՝ «Gaudeamus igitur» ուսանողական հիմնի ներքո շնորհավորելով միմյանց բուհը ավարտելու կապակցությամբ:

Շրջանավարտներից մի քանիսը ելույթ ունեցան և շնորհակալություն հայտնեցին իրենց ծնողներին, բուհի ղեկավարությանը և պրոֆեսորադասախոսական կազմին՝ իրենց հանդեպ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի և ստացած գիտելիքների համար:

Միջոցառումն անցավ ջերմ և հուզառատ մթնոլորտում:





Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook