Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ում Բուժաշխատողների օրվան նվիրված միջոցառումը նշանավորվեց «Էմիլ Գաբրիելյան» մրցանակների շնորհմամբ

21.06.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ Բուժաշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում, որը նշանավորվեց հայտնի բժիշկ, գիտնական, հասարակական գործիչ, 1975-1989թթ.-ին Հայաստանի առողջապահության նախարար Էմիլ Գաբրիելյանի անունը կրող մրցանակների շնորհմամբ:

Բուժաշխատողներին շնորհավորելով մասնագիտական տոնի առիթով՝ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց. «Դա այն փոքրաթիվ մասնագիտություններից է, որի ներկայացուցիչները պետք է իրենց ուսուցիչների, ծնողների, ընտանիքի ու հայրենիքի առաջ երդում տան ոչ միայն կատարել իրենց մասնագիտական կարողությունները, այլև գթասիրտ, կարեկից, ուշադիր և պատասխանատու լինել: Կարծում եմ, որ հայ բժիշկները հետևում են այդ երդմանը, և աղետների, վարակի բռնկումների և այլ իրավիճակներում նրանք կարողացել են ապացուցել, որ իրենք իրենց ժողովրդի անբաժան մասն են: Կուզեի առանձնահատուկ նշել մեր այն բժիշկներին, որոնք քառօրյա պատերազմի ընթացքում մեր զինվորների կողքին էին, իսկ հետպատերազմական ժամանակ հոգ են տանում վիրավորներին»:

Շնորհավորանքից հետո Արմեն Մուրադյանը, «Էմիլ Գաբրիելյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, «Տարվա բազմապրոֆիլային բժշկական կենտրոն» մրցանակը հանձնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցին: Ստանալով մրցանակը և շնորհավորելով կոլեգաներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը ասաց. «Շնորհակալություն եմ հայտնում գնահատականի համար իմ և մեր կոլեկտիվի անունից: Էմիլ Գաբրիելյանը մեր ուսուցիչն էր, և միշտ կմնա: Տա Աստված, որ մեր կյանքում հասցնենք անել այն ամենի մի մասը, ինչ արեց Էմիլ Սամսոնիչն իր կյանքի ընթացքում»:

Դարձյալ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, մրցանակ հանձնվեց Երևանի Կենտրոնական ռազմական հոսպիտալին՝ քառօրյա պատերազմի ընթացքում գործունեության և շատ կյանքեր փրկելու համար: Մրցանակը ռազմական հոսպիտալի ղեկավար Արամ Ասատուրյանին հանձնեց գրող, հրապարակախոս Զորի Բալայանը: Վերջինս նշեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ վիրավորված զինվորների բուժման ականատեսն է եղել առաջին իսկ օրից, և շարք վերադարձած զինծառայողները վկայում են ռազմական բժիշկների սխրագործության մասին:

«Միջազգային ճանաչման համար» հատուկ մրցանակների արժանացան ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը» և Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը` հունիսի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված բարձր մակարդակի հանդիպման ժամանակ առողջապահական մեր համակարգին մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագիր ստանալու գործում ունեցած մեծ ավանդի համար:

Էմիլ Գաբրիելյանի անվան մրցանակը ներառում էր նաև «Տարվա լավագույն ուսանող» անվանակարգը: Մրցանակին արժանացավ ԵՊԲՀ դեղագործության ֆակուլտետի ուսանողուհի Լիլիթ Թադևոսյանը: Ուսանողուհուն մրցանակը հանձնեց և բոլոր բուժաշխատողներին շնորհավորեց ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը: Նա ներկայացրեց Էմիլ Գաբրիելյան մարդու և գիտնականի անցած ուղին՝ նույնպես փաստելով, որ նա եղել և մնում է իր ուսուցիչը:

Մրցանակ ստացած «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը կոլեկտիվի անունից հայտարարեց, որ իրենք ինչպես Հիմնադրամի կողմից հատկացված դրամական պարգևը, այնպես էլ 1 մլն դրամ կփոխանցեն վիրավոր զինվորների բուժմանը: Այս նախաձեռնությանը հետևեցին Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի, ինչպես նաև ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տնօրեններ Ռազմիկ Աբրահամյանը և Սամվել Գրիգուրյանը:

«Էմիլ Գաբրիելյան» հիմնադրամի տնօրեն Լիլիթ Ղազարյանը կոչ արեց աջակցել այս նախաձեռնությանը և շարունակել արժանապատվորեն կյանքի կոչել համաշխարհային ճանաչում ունեցող ուսուցչի արժեքավոր մտահաղացումներն ու խորիմաստ գաղափարները` ի նպաստ առողջապահության ոլորտի զարգացման և կատարելագործման:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց առողջապահական համակարգի գործունեության մասին պատմող տեսանյութ: Իսկ հանդիսության վարտին բուժաշխատողներին տոնի առիթով երաժշտական գեղեցիկ համարներով շնորհավորեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook