Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Յոգան հոգու, մտքի և մարմնի համար» խորագրով սեմինար ԵՊԲՀ-ում

20.06.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում Յոգայի միջազգային օրվան ընդառաջ կայացավ «Յոգան հոգու, մտքի և մարմնի համար» խորագրով սեմինար, որը վարեց այուրվեդայի մասնագետ դոկտոր Վիկաս Չոթը: Սեմինարին ներկա էին ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն Յոգեշվար Սանգվանը և Այլընտրանքային բժշկության կուրսի ղեկավար Մկրտիչ Ավագյանը:

Ողջունելով ներկաներին` Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը նշեց, որ 2014 թվականին ՄԱԿ-ի կողմից հունիսի 21-ը հռչակվել է Յոգայի միջազգային օր. սա երկրորդ տարին է, որ այն նշում են նաև Հայաստանում՝ մասնավորապես Բժշկական համալսարանում: «Յոգան հոգու, մտքի և մարմնի միասնությունն է. ամեն ինչի միասնությունն է, հատկապես եթե մենք հավատում ենք դրան, և այդ ամենի տրամաբանական ավարտն է, ներդաշնակությունը և խաղաղությունը»,- ասաց նա:

Շեշտելով յոգայի կարևորությունը՝ ԵՊԲհ ռեկտոր Միքայել Նարիմանյանը ասաց. «Մեզ հնարավորություն է ընձեռվել մասնակցելու Յոգայի միջազգային օրվան: Սա շատ կարևոր է, քանի որ մենք մեծ հարգանք ենք տածում Հնդկաստանի քաղաքակրթության և սովորույթների՝ մասնավորապես առողջական խնդիրները կանխարգելող միջոցառումների հանդեպ: Յոգայում ամեն ինչ հիմնված է շնչառական վարժությունների վրա. կառավարելով շնչառությունը՝ մարդը կարողանում է կառավարել ամեն ինչ, այդ թվում նաև միտքը, հոգին և մարմինը:

Նշեմ, որ սույն թվականի ապրիլի 9-ին Հնդկաստանի հոմոեոպաթիայի հետազոտությունների կենտրոնական խորհրդի և Բժշկական համալսարանի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որի արդյունքում մեր ուսանողները հնարավորություն կստանան ուսումնասիրել ոչ ավանդական բժշկության` Հնդկաստանի հարուստ փորձը։ Այս համագործակցության շրջանակներում նախատեսվում է հրավիրել մասնագետներ Հնդկաստանից, որոնք և՛ հնդիկ, և՛ հայ ուսանողներին կդասավանդեն այլընտրանքային բժշկություն»,- ասաց Միքայել Նարիմանյանը:

Այլընտրանքային բժշկության կուրսի ղեկավար Մկրտիչ Ավագյանը նշեց, որ հնդկական ավանդական բժշկությունը դարերի, հազարամյակների պատմություն ունի: Այն ուսումնասիրել են այնպիսի հայ բժիշկներ, ինչպիսիք են Մխիթար Հերացին, Ամիրդովլաթ Ամասիացին: Նրա խոսքերով `Հնդկաստանի հոմոեոպաթիայի հետազոտությունների կենտրոնական խորհրդի և Բժշկական համալսարանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը թույլ կտա էլ ավելի խորը ուսումնասիրելու և ուսանողներին դասավանդելու հոմեոպաթիան, այուրվեդան, յոգան և այլ ավանդական հնդկական մեթոդներ:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook