Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ում դասախոսություն կարդաց հոգեբուժության մեջ հետտրավմատիկ սթրեսային (PTSD) և օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումների (OCD) գծով միջազգային փորձագետ Յոզեֆ Զոհարը

17.06.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ հոգեբուժության մեջ հետտրավմատիկ սթրեսային (PTSD) և օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումների (OCD) գծով միջազգային փորձագետ, Եվրոպական նեյրոհոգեդեղաբանության կոլեգիայի նախկին նախագահ, Mental Health Focus on Depression փորձագետների պլատֆորմի նախագահ, Հետտրավմատիկ սթրեսային խանգարման (PTSD) իսրայելական կոնսորցիումի նախագահ, Ուղեղի իսրայելական խորհրդի նախագահ, Աֆեկտիվ հոգեֆիզիոլոգիայի միջազգային խորհրդի անդամ, իսկ ոչ վաղ անցյալում Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումների սպեկտրի (ICOCS) միջազգային կոլեգիայի նախագահ Յոզեֆ Զոհարի «The Neuroscience-based Nomenclature (NbN): What it means for you as a clinician» թեմայով դասախոսությունը: Լեկցիան նախատեսված էր բժիշկների, կլինիկական օրդինատորների և ուսանողների համար:

Միջոցառման մասնակիցներին ողջունեց ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը. «Մեզ համար մեծ պատիվ է այսօր մեր բուհում հյուրընկալել նեյրոհոգեդեղաբանության կոլեգիայի անդամներին և կոլեգիայի նախկին նախագահ, հետտրավմատիկ սթրեսային և օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումների գծով միջազգային փորձագետ Յոզեֆ Զոհարին: Այս դասախոսությունը, որ այսօր այստեղ կլսեն մեր ուսանողներն ու ոլորտի երիտասարդ մասնագետները, կլինի լուրջ ստարտափ: Ողջունում եմ մեր հյուրերին մեկ անգամ ևս և մաղթում արդյունավետ աշխատանք»:

Ներկայացնելով հյուրերին և ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի վարիչ Արմեն Մելիք-Փաշայանն ասաց. «Արդեն քանի տարի է՝ մենք համագործակցում ենք Եվրոպական նեյրոհոգեդեղաբանության կոլեգիայի հետ, և մեր երիտասարդ մասնագետները ընդգրկված են նրանց կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրերում: Բազմաթիվ երիտասարդներ նրանց շնորհիվ հնարավորություն են ստացել ուսուցում անցել, դասընթացների մասնակցել Օքսֆորդի և Վենեցիայի դպրոցներում, որոնք ամբողջությամբ ֆինանսավորվել են Եվրոպական նեյրոհոգեդեղաբանության կոլեգիայի կողմից: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հյուրերին՝ համագործակցության համար և հույս հայտնել, որ այն կլինի շարունակական: Բարի գալուստ և հաջող ընթացք մեր այսօրվա միջոցառմանը»:

Տեղեկացնենք, որ պրոֆեսոր Զոհարը 300-ից ավելի գիտական աշխատանքների, 16 գրքերի հեղինակ է, որոնք նվիրված են ռեզիստենտ դեպրեսիային: Նա ՕԿԽ, ՀՏՍԽ, CNP Spectrums և World Journal of Biological Psychiatry հիմնադիր և խմբագիրն է, ինչպես նաև European Psychiatry, The International Journal of Psychiatry in Clinical Practice, Neuropsychobiology ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ: Պրոֆեսոր Զոհարը հանդիսացել է DSM-IV և V ՕԿԽ գծով խորհրդատու և DSM-V օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումների հետազոտման աշխատանքային խմբի համանախագահ: Ներկայումս նա Սակլեր համալսարանի բժշկական ֆակուլտետի հոգեբուժության պրոֆեսոր, ինչպես նաև Թել-Ավիվի Հայմա-Շիբա բժշկական կենտրոնի տնօրեն է: ԿՆՀ-ի վրա ազդող նորագույն դեղամիջոցների զարգացման միջազգային համագործակցության (ECNP, ACNP, CINP, AsCINP) նախագահն է:

ԵՊԲՀ-ում դասախոսության ավարտից հետո Արմենիա Մարիոթ հյուրանոցի Էրատո թագուհի դահլիճում կայացավ Հայաստանում դեպրեսիային նվիրված www.depnet.org պաշտոնական կայքի հայալեզու տարբերակի բացումը, որը The Expert Platform on Mental Health – Focus on Depression նախաձեռնությունն էր: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև «Շանթ» հեռուստաընկերության «Մի վնասիր» հաղորդմանը Expert Platform on Mental Health Media Award մրցանակի հանձնման արարողությունը՝ հոգեկան առողջության խնդիրները, այդ թվում՝ նաև դեպրեսիան լուսաբանելու համար:

Նշենք, որ միջոցառումների կազմակերպիչներն են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Եվրոպական նեյրոհոգեդեղաբանության կոլեգիան:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook