Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Պերինատալ բժշկության արդիական հիմնախնդիրները» միջազգային երկրորդ համաժողով բժշկական համալսարանում

13.06.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ «Պերինատալ բժշկության արդիական հիմնախնդիրները» միջազգային երկրորդ համաժողովը, որի նպատակն էր պերինատալ բժշկության արդի հարցերի լուծման շուրջ համախմբել հանրապետության մանկաբարձ-գինեկոլոգներին, ուլտրաձայնային հետազոտության և այլ մասնագետներին:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ ավելի արդիական հարց, քան պերինատոլոգիան է՝ անհնար է պատկերացնել։ Նրա մեկնաբանմամբ՝ իր ղեկավարած հանձնաժողովի անունն ինքնին խոսում է այն մասին, որ առանց առողջ սկզբի դժվար է ապահովել ընդհանուր առողջապահություն:

Իր ողջույնի խոսքում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը շեշտեց, որ մայրություն և մանկության առողջության պահպանումը Հայաստանի Հանրապետության կառավարության և առողջապահության նախարարության գերակա ուղղություններից մեկն է: Նա տեղեկացրեց, որ իրականացվող բազմաթիվ ծրագրերի արդյունքում վերջին տարիներին մեր երկրում արձանագրվում է մայրական և մանկական մահացության ու հիվանդացության ցուցանիշների նվազում, ցածր քաշով նորածինների ապրեցման տասնապատիկ մեծացում, ինչպես նաև նրանց առողջության ու հետագա կյանքի որակի լավացում:

Բանախոսները հպարտությամբ նշեցին, որ օրերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված բարձր մակարդակի հանդիպման ընթացքում Հայաստանը Բելառուսի, Մոլդովայի և Թայլանդի հետ մեկտեղ ճանաչվեց մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը հաղթահարած երկիր և արժանացավ համապատասխան հավաստագրի:

Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանն իր խոսքում կարևորեց այն հանգամանքը, որ համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու ոլորտում առկա վերջին ձեռքբերումներին:

Նշենք, որ պերինատոլիգայի արդիական խնդիրների վերաբերյալ համագումարում զեկուցումներով հանդես կգան ԱՄՆ-ի Կորնելի համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ֆրենկ Չերվենակը, Յան Դոնալդ բժշկական գերձայնային հետազոտությունների միջհամալսարանական դպրոցի տնօրեն, պերինատալ բժշկության միջազգային ակադեմիայի պրեզիդենտ, պրոֆեսոր Ազիմ Կուրյակը, Մոսկվայի Սեչենովի անվան առաջին բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, ՌԳԲԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Դավիդ Մակացարիան, նույն ամբիոնի պրոֆեսոր Վիկտորիա Բիցաձեն: Տեղեկացնենք, որ Ֆրենկ Չերվենակը մանկաբարձագինեկոլոգիական ոլորտում հեղափոխական մոտեցման հեղինակ է դարձել պտուղը դեռ ներագանդային կյանքում որպես պացիենտ ընդունելու մոտեցմամբ:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook