Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Բժշկական համալսարանում կայացավ Մարիետա Մելիք-Փաշայանի 80-ամյակին նվիրված գիտաժողով

10.06.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ «Հոգեբուժական փորձաքննություններ և հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ» խորագրով երկօրյա գիտաժողովի բացումը, որը նվիրված է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի հիմնադիր, ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր (1988-2001թթ.), Հոգեբուժության և բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ (1985-2008թթ.) Մարիետա Մելիք-Փաշայանի 80-ամյակին:

Գիտաժողովի նպատակն է ներկայացնել մարտական գործողությունների հետևանքով առաջացած հոգեբուժական և հոգեբանական փորձաքննությունների ներկա իրավիճակը, հիմնախնդիրները, հնարավոր զարգացումները և հետտրավմատիկ սթրեսային խանգարումները:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ով լինելով Մարիետա Մելիք-Փաշայանի ուսանողը՝ ականատես էր եղել նրա մասնագիտական գործունեությանը: Հենց Մարիետա Ալբերտովնայի շնորհիվ էր, որ բուհի հոգեբուժության ամբիոնը նոր զարգացում ապրեց և խթանվեց բժշկական հոգեբանության դասավանդումը: Մարիետա Մելիք-Փաշայանի և Ադա Թադևոսյանի կողմից բուհում բացվեց էլեկտիվ կուրս, որի ընթացքում ուսանողներին ներկայացվում էին հոգեբանության այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են հոգեվերլուծությունը, հոգեսոմատիկ հիվանդությունների վերլուծությունը և սահմանային նևրոզների ուսումնասիրությունը, ինչը սկզբունքորեն անընդունելի էր խորհրդային հոգեբուժության կողմից և մեծ հետաքրքրություն էին ներկայացնում տարբեր մասնագիտությունների ուսանողների համար: «Մարիետա Ալբերտովնայի կորուստը շատ ծանր էր բոլորիս համար, և կարող եմ փաստել, որ բուհը կորցրեց «մետր» հասկացությանը համապատասխանող պրոֆեսոր, որովհետև նա և՛ ուսուցիչ էր, և՛ վարպետ էր, և՛ մտավոր գործունեության մեջ բարձրունքների հասած անձ»,- ասաց ռեկտորը:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը, ով փաստեց, որ չնայած կարճ ժամանակ է պատիվ ունեցել աշխատելու Մարիետա Մելիք-Փաշայանի հետ, սակայն հասցրել է հիանալ նրա մասնագիտական և մարդկային որակներով. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Երևանի պետական բժշկական համալսարանին՝ ռեկտոր Միքայել Նարիմանյանին և Հայկական հոգեբուժական ասոցիացիային՝ Արմեն Սողոյանին նման գեղեցիկ միջոցառում կազմակերպելու և անցկացնելու համար ու հույս հայտնել, որ այս գիտաժողովը մեզ մի քայլ առաջ կտանի մեր համատեղ աշխատանքում»:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Վիուլեն Հակոբյանը պատմեց Մարիետա Մելիք-Փաշայանի հետ աշխատելու տարիների, համատեղ կատարած աշխատանքների մասին՝ նշելով, որ միշտ հիացել է նրանով, թե ինչպես է Մարիետա Ալբերտովնան պատվով ու մեծ պատասխանատվությամբ կատարում իր վրա դրված պարտականությունները. «Մեկ անգամ ևս ողջունում եմ ձեզ և շնորհակալություն եմ հայտնում նման միջոցառումների կազմակերպման ու անցկացման համար և հույս հայտնում, որ սա կկրի շարունակական բնույթ: Ամենայն բարիք Ձեզ և բարի երթ»:

Մարիետա Մելիք-Փաշայանի մասին հիշողություններով կիսվեցին նաև ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս Լևոն Մկրտչյանը, Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը, անվանի հոգեբույժ Ադա Թադևոսյանը: Ողջույնի խոսքերից հետո ցուցադրվեց Մարիետա Մելիք-Փաշայանի մասին պատմող հուզիչ տեսաֆիլմ, որից հետո սկսվեց կոնֆերանսի գիտական մասը:

Նշենք, որ գիտաժողովի երկրորդ նիստը կանցկացվի վաղը, Ստեփանակերտում:

Տեղեկացնենք, որ գիտաժողովի կազմակերպիչներն են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Հայկական հոգեբուժական ասոցիացիան:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook