Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Կայացան երիտասարդ գիտնականների դպրոցները

08.06.2016

2016 թվականի հունիսի առաջին հնգօրյակում տեղի ունեցան ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աջակցությամբ կազմակերպված երիտասարդ գիտնականների երկու դպրոցները: Դպրոցներին մասնակցում էին դասախոսներ, ուսանողներ և երիտասարդ հետազոտողներ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից և Թբիլիսիի պետական բժշկական համալսարանից:

Դպրոցներից առաջինը, որը կայացավ 2016թ. հունիսի 2-3-ը, կրում էր «Երիտասարդ հետազոտող և աշխատաշուկա համագործակցության զարգացման հեռանկարները» խորագիրը: Դպրոցի ընթացքում զեկույցներով հանդես եկան Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի պրոֆեսորներ Իրինե Զառնաձեն և Քեթևան Մուրջիկնելին, որոնք ներկայացրեցին իրենց համալսարանի կողմից բժշկագիտության տարբեր ոլորտներում, մասնավորապես հանրային առողջության և ճառագայթաբանության ոլորտներում իրականացվող կադրային քաղաքականությունը և աշխատաշուկայի պահանջները: Զեկույց ներկայացրեցին նաև մեր համալսարանի օտար լեզուների ամբիոնի ավագ դասախոս, բան.գ.թ. Սվետլանա Նալբանդյանը և հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի ասիստենտ, կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի ղեկավարի տեղակալ Արամ Հայրապետյանը: Սվետլանա Նալբանդյանի «Մեդիատեղեկատվական գրագիտությունը որպես ժամանակակից մասնագետի առանցքային հմտություն» խորագրով զեկույցի ընթացքում ներկայացվեցին այն բոլոր հնարավորությունները, որոնք երիտասարդ հետազոտողներին ընձեռնում է տեղեկատվության անսահմանափակ դաշտը: Արամ Հայրապետյանի «Բժշկական համալսարանում դասախոսի ընտրության որակական գնահատականները» զեկույցում ներկայացվեցին մի շարք չափանիշներ, որոնցով գնահատվում են մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը:

Աշխատանքային օրվա ավարտին կազմակերպվեցին քննարկումներ The World Café ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները վիճակահանության սկզբունքով բաժանվեցին խմբերի և կազմակերպեցին քննարկում ծրագրով նախատեսված հիմնական թեմաների շուրջ:

Դրանք են` բժշկի մասնագիտության ընտրության մոտիվացիան, վաստակելու հնարավորությունները, առողջապահության ոլորտի պետական, մասնավոր և ապահովագրական կազմակերպությունների կողմից ֆինանսավորման ուղիների առանձնահատկությունները աշխատաշուկայի ձևավորման և հաղորդակցության զարգացման ոլորտներում:

Հունիսի 4-5-ը տեղի ունեցավ «Բժշկական հաղորդակցության դերը հանրային առողջության ոլորտում. գործնական հմտություններ» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոցը: Դպրոցին զեկույցով հանդես եկավ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դասախոս, կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի ավագ մասնագետ Արմեն Մկրտչյանը, որը ներկայացրեց «Բժշկական էկոլոգիա» առարկայի հեռավար դասավանդման առանձնահատկությունները գիտելիքի տրամադրման և հաղորդակցության շրջանակներում, իսկ հետազոտական աշխատանքների կազմակերպման բնագավառում բազմամյա փորձ ունեցող մասնագետ Լիլիթ Մարտիրոսյանը ներկայացրեց «Հաղորդակցության հմտությունների զարգացումը մասնագիտական հաջող կարիերա ստեղծելու համար» վերնագրով զեկույցը, որը նվիրված էր գիտական աշխատանքներում հաճախ հանդիպող սխալներին և դրանցից խուսափելու արդյունավետ միջոցներին: Զեկույցներից յուրաքանչյուրին հաջորդեցին կլոր սեղան քննարկումները, որոնց ընթացքում զեկույց չներկայացնող մասնակիցները ևս ակտիվորեն կիսվում էին իրենց գիտելիքներով:

Դպրոցներից յուրաքանչյուրի վերջնամասում զեկույցներ ներկայացվեցին նաև երկու համալսարանների ասպիրանտների ու ուսանողների կողմից:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook