Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Շնորհվել է ՀՀ Նախագահի մրցանակ

26.05.2016

Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի մրցանակների հանձնման արարողությունը:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանին, համալսարանական «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանին, կլինիկայի բժիշկներ Իգոր Նալչաջյանին, Շահանե Գևորգյանին և Մարինե Հովակիմյանին բժշկագիտության բնագավառում «Նորածնային վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» աշխատանքի համար շնորհվել է ՀՀ Նախագահի մրցանակ:

Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, նոր հաջողություններ մաղթել նրանց հետագա գործունեության ընթացքում:

Տեղեկացնենք, որ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի սանավիացիոն ծառայությունն իրականացնում է առողջական տարբեր խնդիրներ ունեցող նորածինների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության բոլոր ծննդատներից համալսարական հիվանդանոցի մանկական և նորածնային վերակենդանացման բաժանմունք: Նորածինների մեծ մասը վերակենդանացման բաժանմունքներ են տեղափոխվում շնչառական խնդիրներով: Բարձր հաճախականության արհեստական շնչառության սարքի, նաև՝ հատուկ նորածինների տեղափոխման համար ստեղծված երկու ռեանիմոբիլի շնորհիվ Հայաստանում մանկական մահացության ցուցանիշները նվազել են: ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանի խոսքով, այդ ռեանիմոբիլներով տարեկան մոտ 700 նորածին են տեղափոխում «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման բաժանմունք: Նա նաև նշեց, որ նման ամենագնացներ տարածաշրջանում չկան: «Դրանք յուրահատուկ մեքենաներ են, որ մենք հարմարացրել են ենք նորածիններին տեղափոխելու համար: Բացի այդ, բավականին լուրջ ներդրում է արվել ուսումնական պրոցեսում ինովացիոն տեխնոլոգիաների առումով»,- ասաց նա:

Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի հիմնումից ի վեր (2001-2016թթ.) 335 անհատներ և կազմակերպություններ արժանացել են մրցանակի:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook