Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Կարոտել այն ամենն, ինչ հարազատ է և հոգու թրթիռ՝ ծառերի ծաղկունք, բանաստեղծություն, երկինք, առաջին ձյուն, ջերմություն... Կարոտել առաջին անգամ ու մեկընդմիշտ: Կարոտել հազար տարվա հեռվից ու ամեն պահ: Կարոտել, ուրեմն՝ ապրել...

23.05.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ հայոց լեզվի ամբիոնի դասախոս, արձակագիր, բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ Արմենուհի Սիսյանի «Հազար տարվա կարոտ» գրքի շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա էին դերասանուհի Աննա Մանուչարյանը, «Անդին» ամսագրի երիտասարդական բաժնի խմբագիր, բանաստեղծ Անի Տեր-Գուլանյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, հեղինակային երգի կատարող Արմինե Հայրապետյանը, երգահան, ռեժիսոր, Քրիստ Մանարյանը, ՛՛Գրական թերթի՛՛ և ՛Դրամատուրգիա՛՛ հանդեսի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը, ՛՛Միքայել Ոսկանյան և ընկերներ՛՛ ֆոլք-ջազի թառահար Միքայել Ոսկանյանը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, հյուրեր:

Բանաստեղծ Անի Տեր-Գուլանյանը, ով եղել է «Հազար տարվա կարոտ» գրքի խմբագիրներից մեկը, շնորհավորելով հեղինակին բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսի կապակցությամբ, նշեց. «Արմենուհի Սիսյանը, լինելով արձակագիր, շատ նուրբ ու քնքուշ բանաստեղծություններ է ստեղծել: Մեծ հաճույք եմ ստացել գրքի հետ աշխատելու ընթացքում: Քո «Հազար տարվա կարոտ» գիրքը լցրել է ինձ հազար տարվա անմարմին կարոտով: Շնորհավորում եմ ևս մեկ անգամ»:

Դիմելով նորատիպ ժողովածուի հեղինակին՝ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ Արմենուհի Սիսյանի բանաստեղծություններն արտացոլում են նրա կանացի հմայքը և կրում բանաստեղծուհու յուրահատուկ էներգիան: «Շնորհանդեսն իրականում ավելի ծիսական բան ունի իր մեջ, իրար հաղորդվելու, մտքեր, ապրումներ փոխանակելու, արտահայտելու այն, ինչ գիրքը հաղորդել է քեզ։ Բանաստեղծությունը մարդկության կողմից հորինված ամենագեղեցիկ անիվն է, որ գնում է դեպի մարդը, մարդուն տանում է դեպի մարդը, ու այդպես ապրում է բանաստեղծությունը, ապրում է բանաստեղծը: Ձեր պոեզիան նուրբ ու մաքուր հաճախականություն ունի, կանացի ու ինքնատիպ: Չգրված տողերը սպանում են գրողին, այնպես որ, սիրելի Արմենուհի, սպասում ենք հաջորդ տողերին»,- ասում է Էդվարդ Միլիտոնյանը:

«Սիրելի Արմենուհի, ես և հայոց լեզվի ամբիոնի ողջ անձնակազմը շնորհավորում ենք քեզ՝ «Հազար տարվա կարոտ» ժողովածուի լույսընծայման առիթով: Մեզ հոգեհարազատ են թե քո պատմվածքները, թե բանաստեղծությունները. քո տողերում բարություն կա, լույս ու ջերմություն», - իր շնորհավորական խոսքում նշեց ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հենրիետա Սուքիասյանը:

ԵՊԲՀ հնդիկ ուսանողուհիներից մեկը, սրտանց շնորհավորելով Արմենուհի Սիսյանին, ասաց, որ իրեն հայերեն է սովորեցրել հենց նա, ու կատարեց «Կիլիկա» երգը: Հեղինակի բանաստեղծության հիման վրա գրված երգով հանդես եկավ Արմինե Հայրապետյանը: Այնուհետև բանաստեղծուհուն երաժշտական համար ձոնեցին ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի արտասահմանցի ուսանողների «Վերնատուն» երգչախումը, թառահար Միքայել Ոսկանյանը, հեղինակային երգի կատարող Արմինե Հայրապետյանը, հնչեցին նրա ժողովածուից ստեղծագործություններ:

Նշենք, որ ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի դասախոս Արմենուհի Սիսյանը ևս չորս գրքերի հեղինակ է՝ «Մի բուռ լույս» (2006թ.), «Հարահոս» (2007թ.), «Հե՜յ, Նո՛յ» (2012թ.), «Ծաղկող արահետներ» (2013թ.), «Հազար տարվա կարոտ» (2016թ.): Բանաստեղծի պատմվածքներն ու բանաստեղծությունները տեղ են գտել ժամանակակից տարբեր ընտրանիներում և անթոլոգիաներում, թարգմանվել և տպագրվել են անգլերեն, ռուսերեն, պարսկերեն, իտալերեն, ֆրանսերեն, ալբաներեն:

Նրա «Պայուսակ» պատմվածքը 2012թ.-ին «Անտարես Հոլդինգի» հայտարարած մրցույթում արժանացել է «Լավագույն պատմվածք» մրցանակին: 2013թ.-ին «Հե՜յ, Նո՛յ» պատմվածքների գիրքը երևանյան 10 բեսթսելլերների շարքում եղել է 2-րդը: Իր «Հազար տարվա կարոտ» գրքի լույսընծայման և շնորհանդեսի առիթով բանաստեղծուհին մամուլում հանդես է եկել տարբեր հարցազրույցներով, հյուրընկալվել հ2-ի «Ինչ է ուզում կինը» հեղինակային հաղորդմանը:




Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook