Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Հաղթահարենք քաղցկեղը ժպիտով». միջազգային գիտաժողով ԵՊԲՀ-ում

18.05.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «Հաղթահարենք քաղցկեղը ժպիտով» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին ներկա էին ոլորտի հայտնի փորձագետներ ու բժշկագիտության կարկառուն դեմքեր ամերիկյան և հայաստանյան քաղցկեղի առաջատար կենտրոններից, բուհի ղեկավարությունը և պրոֆեսորադասախոսական կազմը:

ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, ասաց. «Ուռուցքաբանությունը բժշկագիտության հիմնական և կարևորագույն ուղղություններից մեկն է, որն ունի մշտական զարգացման անհրաժեշտություն: Ոլորտի զարգացմանը նպաստելու նպատակով նմանատիպ գիտաժողովների արդյունքներն իրենց արտացոլումն են գտնում ուսուցման թե նախադիպլոմային փուլի ուսումնական ծրագրերում և թե հետդիպլոմային շրջանի հետազոտական նախագծերում»:

ՀՀ գլխավոր ուռուցքաբան, ԳԱԱ թղթակից անդամ Հայրապետ Գալստյանը, իր խոսքում շնորհակալություն հայտնեց Բժշկական համալսարանի ղեկավարությանը նման միջոցառումներ հաճախ կազմակերպելու համար և ընդգծեց, որ նման գիտժողովները հնարավորություն են տալիս քննարկելու ոլորտի արդի խնդիրները և դրանց լուծման ուղիները: «Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով քաղցկեղային հիվանդությունները երիտասարդացել են, և շատացել է այս հիվանդություններով տառապողների թիվը. մասնավորապես՝ Հայաստանում, առողջապահության նախարարության տվյալներով, նրանց թիվն աճել է կրկնակի անգամ: Ուստի այն հանդիպումները, որոնք նվիրված են չարորակ ուռուցքներով հիվանդների վաղ հայտնաբերման և բուժման խնդիրներին, ունեն ոչ միայն առողջապահական, այլև պետական կարևոր նշանակություն» , - նշեց ՀՀ գլխավոր ուռուցքաբանը:

Բժշկական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը, խոսելով բուհում իրականացվող հետազոտական ծրագրերի մասին, նշեց, որ դրանք կարևոր տեղ են զբաղեցնում բուհի գիտական գործունեության մեջ. «Մեր համալսարանի գիտական և հետազոտական փիլիսոփայությունն այն է, որպեսզի նման քննարկումները իրենց շարունակությունը գտնեն հետազոտական ծրագրերում, և ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն»:

Ելույթներից հետո մասնագիտական զեկուցումներով հանդես եկան ԱՄՆ-ից ժամանած հայտնի ուռուցքաբաններ, հեմատոլոգներ: Տեղեկացնենք, որ մայիսի 19-ին և 20-ին տեղի կունենան նեղ մասնագիտական վարպետաց դասեր:

Նշենք, որ գիտաժողովի կազմակերպիչներն են՝ Երևանի պետական բժշկական համալսարանը, Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիան, Սիթի օֆ Սմայլ հիմնադրամը, Երիտասարդ ոււռուցքաբանների հայկական խումբը և Մանկական արյունաբանության և ուռուցաբանության հայկական խումբը: Գիտաժողովի աջակիցներն են՝ ՀՀ առողջապահության նախարարությունը, Առողջության կամուրջ բարեգործական հիմնադրամը, IDeA հիմնադրամը, Հայ օգնության ֆոնդը, Հայաստանում Ամերիկայի շրջանավարտների միությունը, Հայաստանում Հարվարդի ակումբը և Go2 Armenia-ն:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook