Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ՀՀ ԿԳ նախարարի ճանաչողական այցը «Մուրացան» հիվանդանոցային համալիր

13.05.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիր այցելեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Բուհի ղեկավարության կողմից նախարարին ներկայացվեցին համալսարանական հիվանդանոցի կլինիկաները, դիսպանսեր կենտրոնները, խաղաթերապիայի կաբինետը, դասասենյակները և ամենագնաց շտապ օգնության մեքենաները, որոնք նախատեսված են նորածինների տեղափոխման համար: Լևոն Մկրտչյանը ծանոթացավ նաև վերջին տարիներին «Մուրացան» հիվանդանոցում կատարված աշխատանքներին, հիմնախնդիրներին և հետագա գործունեությանը:

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, կարևորելով կատարված աշխատանքները, նշեց, որ բարձրագույն կրթության հիմնական խնդիրներից մեկը ուսումնական ժամանակակից բազաների ստեղծումն է, ինչը բժշկական կրթության պարագայում հատկապես կարևոր է: «Անհրաժեշտ է ստեղծել ուսումնական այնպիսի բազաներ, որտեղ կմատուցվեն և՛ աշխատանքային ծառայություններ, և՛ միաժամանակ ուսանողը հնարավորություն կունենա կրթություն ստանալ ու մասնագետ դառնալ:

Բժշկական համալսարանն այն բուհերից է, որն ունի ոչ միայն համապատասխան ամբիոններ տարբեր հիվանդանոցներում, այլ նաև իր համակարգում գործող կլինիկաներ: «Մուրացան» հիվանդանոցային համալիրն այսօր մանկաբուժության կարևորագույն կենտրոններից մեկն է, որը ծառայություններ է մատուցում ողջ հանրապետությանը, այստեղ լավագույն մասնագետներն են աշխատում և ամենակարևորը՝ ուսանողներին հնարավորություն է ընձեռվում ունենալ անմիջական շփում պացիենտի հետ»,- իր խոսքում նշեց Լևոն Մկրտչյանը:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը նշեց, որ բժշկական կրթության առանձնահատկություններից մեկն այն է, որ դրան մասնակցում է և՛ ուսանողը, և՛ դասախոսը, և՛ պացիենտը, այդ իսկ պատճառով «Մուրացան» հիվանդանոցային համալիրում իրականացվում է ինչպես բուժում, այնպես էլ ուսուցում: «Մեր հիվանդանոցում կան տարբեր բաժանմունքներ և դիսպանսեր կենտրոններ, որտեղ ուսանողները հնարավորություն ունեն ստանալու բազմապրոֆիլ ուսուցում, մասնավորապես՝ մանկաբուժության ոլորտում, ինչը շատ կարևոր է այսօր,- շեշտեց ռեկտորը:

ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը նշեց, որ այս տարի հիվանդանոցում նախատեսվում է նոր ժամանակակից սարքավորումների ձեռքբերում և որոշ տարածքների վերանորոգում:

Հիշեցնենք, որ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում գործում են հանրապետական նշանակություն ունեցող կլինիկաներ և կենտրոններ, այդ թվում՝ Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկան, Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկան, Մուկովիսցիդոզի հանրապետական կենտրոնը, Գենետիկայի հանրապետական կենտրոնը:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook