Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Բժշկական համալսարանում Մայիսյան եռատոնին նվիրված հանդիսավոր միջոցառում

6.05.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ մեծարման և խրախուսման արարողություն: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության, ՀՀ առողջապահության նախարարության և «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում պարգևատրվեցին և պատվոգրեր ու շնորհակալագրեր ստացան ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ մասնագիտական պարտքը կատարած բժիշկներ, Հայրենական մեծ պատերազմի բժիշկ-վետերաններ, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ խիզախությամբ աչքի ընկած զինծառայողներ:

Մինչ միջոցառման մեկնարկը ներկաները ծաղիկներ խոնարհեցին ԵՊԲՀ-ի Հաղթանակի հուշաքարի մոտ, այնուհետև հանդիսության դահլիճում մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված հերոսների հիշատակը:

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սմբատ Դաղբաշյանը, շնորհավորելով ներկաներին Հաղթանակի օրվա կապակցությամբ, իր խոսքում ասաց. «Բժիշկներն այսօր էլ մեր զինվորների կողքին են, և վստահեցնում եմ, որ մեր հայրենիքին նվիրյալ բժիշկները միշտ պատրաստ են կատարելու իրենց մասնագիտական առաքելությունը և՛ խաղաղ պայմաններում, և՛ մարտի դաշտում»:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր խոսքում նշեց, որ մայիսը ոգեշնչման, մեծ հաղթանակների ամիս է: Նախարարն ապաքինում մաղթեց վիրավոր բոլոր զինծառայողներին: «Նրանց տոկուն աչքերում այս օրերին տեսել եմ միայն մեկ ցանկություն՝ արագ վերադառնալ շարք, խրամատ և անառիկ պահել հայրենի սահմանները, մեր երեխաների անդորրը, մեր արժանապատվությունը»,- ասաց առողջապահության նախարարը:

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը, շնորհակալություն հայտնելով բոլոր այն բժիշկներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել ինչպես Հայրենական մեծ պատերազմում, այնպես էլ ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, ասաց. «Սա Հաղթանակի տոնին նվիրված միջոցառում է, և մենք չենք կարող այդ համատեքստում չառանձնացնել բժիշկներին: Մեր բժիշկները ցուցաբերել են իրենց բարձր մասնագիտական որակները ռազմի դաշտում՝ լինելով և՛ զինվոր, և՛ բժիշկ: Նրանք այնպիսի բժշկական միջամտություններ են իրականացրել առաջնագծում, ամենաթեժ կետերում, որոնք շատ զարգացած երկրներում գուցե անհնար լիներ»: Այնուհետև Կարեն Ավագյանը շնորհակալագրեր և պարգևներ հանձնեց ապրիլյան իրադարձությունների ժամանակ հայրենի սահմանը պաշտպանելիս արիությամբ աչքի ընկած, վիրավորում ստացած զինծառայողներ կրտսեր սերժանտ Միքայել Սահակյանին, շարքային Արման Ավետիսյանին, շարքային Բենիկ Եղիազարյանին և կրտսեր սերժանտ Շանթ Ղազարյանին:

Միջոցառումն ուղեկցվեց մշակութային ծրագրով, որի ընթացքում հնչեցին ռազմահայրենասիրական երգեր:

Հանդիսույթի ավարտից հետո Հայրենական մեծ պատերազմի վետերաններին ընդունեց ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը: Հանդիպման ընթացքում պատերազմի հերոսները կիսվեցին իրենց մարտական հիշողություններով և հույս հայտնեցին, որ երկրում կտիրի խաղաղություն: Ռեկտորը բոլորին շնորհավորեց գալիք տոների կապակցությամբ և մաղթեց ամուր առողջություն ու տոկունություն:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook