Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցի ակնաբուժական կլինիկայում մանուկների համար բացվեց Արտ-թերապիայի սենյակ

22.04.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» հիվանդանոցային համալիրի ակնաբուժական կլինիկայում տեսողական խնդիրներ ունեցող մանուկների համար բացվեց Արտ-թերապիայի սենյակ:

Բացմանը ներկա էին բուհի և կլինիկայի ղեկավարությունը, ինչպես նաև կլինիկայում բուժում ստացող երեխաները: Մանուկներին մեծ ուրախություն պարգևեց հրավիրված ծաղրածուն, գունազարդ, «խոսող» պատերը և հատուկ նրանց համար պատրաստված նվերներն ու հյուրասիրությունը:

ԵՊԲՀ ակնաբուժական կլինիկայի ղեկավար Արմեն Շաքարյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց արտ-թերապիայի հիմնական սկզբունքները, այդ մեթոդի ծագման պատմությունը և հիմնական ուղղությունները: Նա տեղեկացրեց, որ «արտ-թերապիա» տերմինը առաջարկել է նկարիչ Ադրիան Հիլլը 1938թ.-ին: Հիվանդների հետ աշխատելիս՝ նա նկատել է, որ ստեղծագործական պարապմունքներն օգնում են պացիենտներին հաղթահարել հիվանդությունները: «Արտ-թերապիա» անգլերենից թարգմանաբար նշանակում է «բուժում ստեղծագործության միջոցով», որի նպատակն է օգնել անձի հոգեկան իրավիճակի կայունացմանը:

Բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը նկատեց, որ այսօր նոր մեթոդ է ներդրվում ակնաբուժական հիվանդությունների բուժման մեջ, և դա ողջունելի է: Խոսելով արտ-թերապիայի մեթոդի մասին՝ նա ընդգծեց, որ նմանատիպ մեթոդների կիրառումը արդյունավետ է հատկապես շատ հիվանդությունների հետվիրահատական վերականգնման ընթացքում: «Առավել կարևորում եմ այն հանգամանքը, որ շուտով նման մեթոդներն իրենց արտացոլումը կգտնեն նաև մեր ուսումնական ծրագրերում», - նշեց ռեկտորը:

Տեղեկացնենք, որ այս գեղեցիկ նախաձեռնության հեղինակը ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանն էր, իսկ ծրագիրը կյանքի կոչվեց «Հերացի» արհեստակցական կազմակերպության ջանքերով:

Հիշեցնենք, որ բժշկական համալսարանի կլինիկաներում բուժման նմանատիպ մեթոդներ կիրառվում են դեռ 2004թ.-ից, երբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում բացվեց Խաղաթերապիայի կաբինետ, որը օգնում է հիվանդանոցի քիմիաթերապիայի, էնդոկրինիլոգիայի և մանկաբուժական կլինիկաներում երկարատև բուժում ստացող երեխաներին հիվանդանոցային պայմաններում ևս ապրել նույն կյանքով, ինչ առողջ ժամանակ` խաղալ, շփվել, կատարել տնային առաջադրանքներ: Այս կաբինետում իրագործվում է հանրապետությունում նախադեպը չունեցող մեթոդ. կաբինետի աշխատանքներում ընդգրկված է ծաղրածուի ծառայությունը, ով երեխաների հետ միասին մասնակցում է բոլոր բուժական միջամտություններին, օգնում նրանց հաղթահարելու վախն ու դժվարությունները:




Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook