Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Մեկնարկեց «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումների շարքը

12.04.2016

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկեց «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումների շարքը: Հայաստանում երբևէ կազմակերպված ամենանշանակալի գիտական այս միջոցառումը, որի ընթացքում 5 Նոբելյան մրցանակակիր հանդես կգան հանրային և մասնագիտական դասախոսություններով, կազմակերպել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը:

Միջոցառումը հանդիսավոր կերպով բացեց «Նոբելյան օրեր Երևանում» նախաձեռնության համակարգող խմբի ղեկավար, ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը։

ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանն իր ելույթում ընդգծեց միջոցառման կարևորությունը հայ երիտասարդության համար. «Բարձր ինտելեկտն ու նպատակաուղղված գիտական գործունեությունը զինել է մարդկանց` հանուն առողջության պահպանման: Մի ցանկություն ունենք. այս օրերին ստեղծել և գործի մեջ դնել նոր գիտական ծրագրեր, ինչը թույլ կտա ընդգրկվել այն ուղղությունների մեջ, որտեղ հաջողության են հասել այս միջոցառմանը ներկա Նոբելյան մրցանակակիրները»:

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ով ողջունեց գիտական միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին: «ՀՀ կառավարությունը գիտակցում է, որ զարգացումը հնարավոր է միայն այն երկրներում, որտեղ մեծագույն ուշադրություն է դարձվում կրթությանը, գիտությանը և բարձր տեխնոլոգիական նվաճումներին: Հայաստանն առաջին անգամ հյուրընկալել է բժշկագիտության ոլորտի 5 Նոբելյան մրցանակիրների: Սա հիանալի հնարավորություն է ոչ միայն համաշխարհային մակարդակով ակնառու գիտնականների դասախոսությունները լսելու, հետաքրքիր բանավեճեր ու քննարկումներ անցկացնելու, այլև ՀՀ գիտության ներուժն ու դերը ևս մեկ անգամ ցույց տալու համար», - ասաց փոխվարչապետը:

Միջոցառմանը 4 հանրային դասախոսություններով հանդես եկան իսրայելցի Աարոն Չեխանովերը (արժանացել է Նոբելյան մրցանակի՝ ուբիկվիտինով միջնորդավորված սպիտակուցային դեգրադացիայի հայտնագործության համար), ճապոնացի Էյ-Իչի Նեգիշին (արժանացել է Նոբելյան մրցանակի՝ քիմիայի բնագավառում), իսրայելցի Դեն Շեխտմանը (արժանացել է Նոբելյան մրցանակի քիմիայի ոլորտում) և իսրայելցի Ադա Յոնաթը (արժանացել է Նոբելյան մրցանակի քիմիայի՝ բյուրեղագիտության ոլորտում արած հայտնագործության համար):

Իրենց ելույթներում Նոբելյալ մրցանակակիրները կարևորում էին ոչ միայն գիտության, այլև անհատի զարգացումը և ինքնաբացահայտումը։ Նրանք կարևորում էին հետազոտական մտքի զարգացումը՝ դեռևս վաղ հասակում։

«Ցանկացած երկրի ամենապայծառ ապագան տաղանդավոր երեխաների մեջ ներդրում կատարելն է»,- իր ելույթում նշել է Դեն Շեխտմանը։

«Չեմ կարծում, որ մարդու մարմինը կարող է անմահ դառնալ։ Բժշկությունը պետք է անհատականացված լինի, սակայն տեխնոլոգիան և բժշկությունը կարող են երկարացնել կյանքի տևողությունը՝ բարելավելով ապագա սերունդների կյանքը և նրանց ոչ թե «գործող ուժ» դարձնել, այլ արժեք», - ասաց Աարոն Չեխանովերը՝ պատասխանելով իրեն ուղղված հարցին, թե արդյո՞ք բժշկության զարգացման վերջնակետը մարդուն անմահ դարձնելն է։

Էյ-Իչի Նեգիշին իր ելույթում ասաց․ «Ամեն ինչ չէ, որ կյանքում վտանգավոր է, պետք է պարզապես հասկանալ, թե ինչն ինչի համար է օգտակար։ Օրինակ՝ CO2-ի վերաբերյալ կանխակալ վերաբերմունք ունենք՝ որպես վտանգավոր նյութի, սակայն այն նույնպես կարող է օգտակար լինել»։

Ադա Յոնաթը պատմում էր․ «Սպիտակուցները ներգրավված են կենսական կարևորություն ունեցող բոլոր ֆունկցիաներում բոլոր օրգանիզմներում»։

Եվս 2 օր Հայաստանի գիտական հասարակությունը հնարավորություն կունենա լսելու գիտության ասպարեզի ամենակարևոր մրցանակին արժանացած գիտնականներին, ովքեր մասնակիցներին կներկայացնեն մասնագիտական դասախոսությունները։



















Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook