Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Նոբելյան մրցանակակիրները այցելեցին Հայաստանի և համայն հայության համար կարևոր նշանակություն ունեցող վայրեր

15.04.2016

Այսօր «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառմանը մասնակցող գիտության ասպարեզում ամենաբարձր պարգևին արժանացած 5 գիտնականներ Աարոն Չեխանովերը, Ադա Յոնաթը, Դեն Շեխտմանը, Ջոն Ռոբին Ուորենը և Էյ-Իչի Նեգիշին այցելեցին Հայաստանի և համայն հայության համար կարևոր նշանակություն ունեցող վայրեր։

Առավոտյան Նոբելյան մրցանակակիրները, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էին և հյուրընկալվեցին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Ողջունելով Նոբելյան մրցանակակիրներին և մաղթելով նորանոր ձեռքբերումներ իրենց գիտական գործունեության մեջ` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ հաճելի է համայն հայության հոգևոր կենտրոնում հյուրընկալել անվանի գիտնականների, ովքեր գիտության ոլորտում մատուցած ծառայություններով մեծ նպաստ են բերել մարդկության բարօր կյանքի կերտման գործին: Ընդգծելով «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառման կարևորությունը` Նորին Սրբությունը նշեց, որ այն առանձնահատուկ հնարավորություն է ընձեռում երիտասարդ գիտնականներին՝ շփվելու գիտության աշխարհահռչակ մշակների հետ և ներշնչվելու նրանց օրինակով:

Հանդիպման ավարտին հյուրերն այցելեցին Մայր տաճարի թանգարանը, որտեղ ծանոթացան հայ ժողովրդի արժեքավոր գանձերին:

Այնուհետև հյուրերն այցելեցին Ծիծեռնակաբերդ։ Հուշահամալիրում զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո Նոբելյան մրցանակակիրները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, մանրամասն ծանոթացան Հայոց ցեղասպանության վավերական պատմությանը: Գիտնականները նաև գրառումներ թողեցին ՀՑԹԻ պատվավոր հյուրերի Հուշամատյանում:

«Այն, որ իմ պետությունն այսօր պաշտոնապես չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, անընդունելի է ինձ համար», - այցելությունից հետո հայտարարեց Աարոն Չեխանովերը։

Այցելություններից հետո աշխարհահռչակ գիտնականները շարունակեցին շփումները երիտասարդ գիտնականների և ուսանողների հետ գալա ընթրիքի ընթացքում:




Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook