Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Նախանշվեցին համագործակցության ուղիներ Իսրայելի և Հայաստանի կրթական համակարգերում

14.04.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումների շարքի շրջանակներում «Դպրոց-կենտրոնների միության» անդամները, ովքեր հայաստանյան ավագ դպրոցների տնօրեններ են, հանդիպեցին բուհում հյուրընկալված Նոբելյան մրցանակակիրներից մեկի՝ ֆիզիկոս Դեն Շեխտմանի և նրա կնոջ՝ Զիպորա Շեխտմանի հետ: Հանդիպման նպատակը Իսրայելում կրթության զարգացման նախադրյալներին ծանոթանալն էր և այդ ոլորտում փորձի փոխանակումը:

Հանդիպման սկզբում «Դպրոց-կենտրոնների միության» նախագահ Ռուզաննա Մուրադյանը Դեն Շեխտմանին ու նրա կնոջը, ով կրթության ոլորտի մասնագետ է և զբաղվում է ուսուցիչների վերապատրաստմամբ, ներկայացրեց միության գործունեությունը և ծանոթացրեց ներկա անդամներին: Նա տեղեկացրեց այն ծրագրերին, որոնք հաջողությամբ իրականացվում են հայաստանյան ավագ դպրոցներում՝ ընդգծելով հատկապես ներառական կրթության ներդրման կարևորությունը մեր երկրում, ինչն այնքան էլ օրինաչափ չէ իսրայելական կրթական համակարգի համար:

Շեխտմանները նշեցին, որ իրենց մոտ շեշտը դրվում է ոչ միայն ուսուցչի մասնագիտական, այլև մարդկային որակների վրա՝ ուսուցիչը պետք է լինի ոչ միայն գիտելիք փոխանցող, այլև աշակերտների համար օրինակ հանդիսացող անձ: Նշելով, որ Իսրայելը բարձր տեխնոլոգիաների երկիր է՝ Նոբելյան մրցանակակիրը շեշտեց, որ գիտությունները պետք է սովորեցվեն ամենավաղ տարիքից՝ մանկապարտեզից: Շեխտմաններն ընդգծեցին, որ Հայաստանը պետք է շարժվի նույն ուղով, որով գնում է Իսրայելը, քանի որ մեր երկրները շատ նմանություններ ունեն, և տեխնոլոգիական կրթությունը երկրի զարգացման նախադրյալներից է: Իսրայելցի գիտկնականները համոզված են, որ ներդրումներ պետք է արվեն լավ աշակերտների, լավ ուսանողների մեջ՝ նշելով, որ Հայաստանն ունի զարգացման բոլոր նախադրյալները, քանի որ այստեղ բարձր են գնահատում կրթությունը:

Ամփոփելով հանդիպումը՝ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանն ասաց, որ անչափ հետաքրքրված է Իսրայելի կրթական համակարգով ու կարվեն անհրաժեշտ քայլեր այդ փորձը մեր կրթական համակարգում ներդնելու և համագործակցելու համար:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook