Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Հայտնի գիտնականները շարունակում են դասախոսություններ կարդալ ԵՊԲՀ-ում

13.04.2016

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում շարունակվում է «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումների շարքը: Այսօր բացառիկ մասնագիտական ելույթներով հանդես եկան Նոբելյան 3 մրցանակակիրներ՝ Ջոն Ռոբին Ուորենը, Դեն Շեխտմանը և Էյ-Իչի Նեգիշին։ Բժշկական գիտական հասարակությանը և ուսանողներին՝ Նոբելյանի դափնու արժանացած գիտնականները ներկայացրեցին բժշկության և հարակից ոլորտներից մասնագիտական դասախոսություններ։

«Մասնագիտական այս զրույցները հատկապես կարևոր են մեր ուսանողության համար։ Նրանք իսկապես բացառիկ հնարավորություն են ստացել՝ գիտության նորագույն բացահայտումներին հաղորդակից լինելու, ոգեշնչվելու և ստեղծելու իրենց նորարարությունները, որոնք գուցե մի օր արժանանան Նոբելյան մրցանակի»,- ասաց «Նոբելյան օրեր Երևանում» նախաձեռնության համակարգող խմբի ղեկավար, ԵՊԲՀ գիտական գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը։

«Բյուրեղների նորագույն սահմանումն ասես պոեմ լինի»,- իր՝ «Քվազի-պարբերական բյուրեղներ. պարադիգմային տեղաշարժ բյուրեղագիտության մեջ» թեմայով զեկույցում ասել է Դեն Շեխտմանը, ով իր Նոբելյան մրցանակը ստացել է 2011թ.-ին։

«Գիտնականի խնդիրն այն է, որ տեսնի այն, ինչ ուրիշները տեսնել չեն կարող, սա է գիտական բացահայտումների հիմքը»,- ասել է Ջոն Ռոբին Ուորեն իր «Հելիկոբակտերի բացահայտումը» թեմայով մասնագիտական դասախոսության ընթացքում։ Ջոն Ռոբին Ուորենը 2005թ.-ին Բերրի Մարշալի հետ միասին արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիոլոգիայի բնագավառում «Հելիկոբակտեր պիլորիի դերը ստամոքսի խոցային հիվանդության առաջացման մեջ» հետազոտության համար, ինչը մեծ նվաճում է աղեստամոքսային համակարգի հիվանդությունների բուժման հարցում։

Երրորդ դասախոսությամբ հանդես եկավ Էյ-Իչի Նեգիշին։ Նրա դասախոսությունը «Անցողական մետաղի կատալիզը հանուն կայուն և բարգավաճ աշխարհի» թեմայով էր։ Նեգիշին 2010թ.-ին Ակիրա Սուզուկիի և Ռիչարդ Հեքի հետ «Պալադիումով կատալիզվող խաչաձև օրգանական սինթեզի ռեակցիաներ»-ը բացահայտելու համար արժանացել է Նոբելյան մրցանակի՝ քիմիայի բնագավառում:

Նշենք, որ դասախոսությունները կշարունակվեն նաև ապրիլի 14-ին. Աարոն Չեխանովերը կկարդա «Ուբիկվիտինի համակարգը ներբջջային պրոտեոլիզի համար. սկսած հիմնական մեխանիզմներից մինչև մարդու հիվանդություններ և դեղերի կուտակում նպատակային գոտիներում», իսկ Ադա Յոնաթը՝ «Հակաբիոտիկների հատուկ տեսակները և մանրէային պահպանումը» մասնագիտական դասախոսություները:






















Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook