Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Բժշկական համալսարանում դասախոսություններով հանդես կգան Նոբելյան մրցանակակիրներ

11.04.2016

Երևանի Մխիթար Հերացու պետական բժշկական համալսարանը ապրիլի 11-15-ը կազմակերպում է «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառումը՝ մեկ հարկի տակ հյուրընկալելով 5 նոբելյան մրցանակակիրների: Հայաստանում երբևէ կազմակերպված ամենանշանակալի գիտական այս միջոցառումը նպատակ ունի ներկայացնելու փաստեր այնպիսի գիտական նվաճումների մասին, որոնք դարձել են նոբելյան ժառանգություն:

Միջոցառումը հնարավորություն կտա մեր տարածաշրջանի փորձառու և երիտասարդ գիտնականներին, ինչպես նաև ուսանողներին և ավագ դպրոցի աշակերտներին կենդանի շփում ունենալ գիտության ասպարեզում ամենաբարձր պարգևի արժանացած անհատականությունների հետ: Սա նաև գիտական երկխոսության հնարավորություն է տարբեր մշակույթներ և ավանդույթներ կրող, տարբեր գիտական դպրոցներ ներկայացնող պրոֆեսիոնալների միջև:

««Նոբելյան օրեր Երևանում» նախաձեռնությունը բացառիկ հնարավորություն կընձեռի տեսնելու ու շփվելու նոբելյան մրցանակակիրների հետ, հասկանալու, թե ինչպես են այդ պայծառ ուղեղները ներկայացնում գիտական խնդիրները: Դասախոսությունները նախատեսված կլինեն ոչ միայն ուսանողների համար, այլև լավագույն վարպետաց դասը կդառնան դասախոսների համար: Ավելին՝ պատրաստվում ենք վերոնշյալ դասախոսությունները մշակել ու ներառել դրանք ԵՊԲՀ-ի ուսումնական ծրագրերում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը:

«Սա նախադեպը չունեցող իրադարձություն է ոչ միայն Հայաստանի համար: Կաշխատենք այն ուղղությամբ, որ նմանատիպ միջոցառումները կրեն պարբերական բնույթ: Բացի այդ՝ պատրաստվում ենք միջազգային մակարդակով ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ Հայաստանը գիտական մեծ ներուժ ունեցող երկիր է»,- նշեց «Նոբելյան օրեր Երևանում» նախաձեռնության համակարգող խմբի ղեկավար Կոնստանտին Ենկոյանը:

Նախաձեռնության մասնակից, ԵՊԲՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ Մարիամ Մովսիսյանը նշեց, որ սա հիանալի փորձառություն կլինի ուսանողների ու գիտնականների համար, և, ով գիտե, գուցե այդ միջավայրում ծնվեն Նոբելյան մրցանակի արժանի գաղափարներ:

15-ամյա աշակերտուհի Քրիստինե Ալեքսանյանն իր հերթին նշեց, որ շատ դպրոցականներ երազում են որևէ աստղի հանդիպել, և գիտության ոլորտի իսկական աստղերի՝ նոբելյան մրցանակակիրների հետ հանդիպումը շատ կարևոր կլինի նրանց համար:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook