Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Գիտության վաստակավոր գործիչ Սուրեն Զոհրաբյանի 95 տարեկան է

05.04.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ Եվրասիական նյարդավիրաբուժական ակադեմիայի ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանի 95-ամյակին նվիրված միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ առողջապահության փոխնախարար Սուրեն Խաչատրյանը, Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, Երևանի բժշկական կենտրոնների ղեկավարներ, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ով շնորհավորեց բազմավաստակ բժշկին հոբելյանի կապակցությամբ. «95 տարիների ընթացքում դուք փառավոր ուղի եք անցել, հասել եք այն ամենին, ինչին ձգտում է բժշկի մասնագիտությունն ընտրած ցանկացած մարդ: Դուք փրկել եք բազմաթիվ կյանքեր, կրթել եք աշակերտներ, ովքեր այսօր հաջողությամբ շարունակում են ձեր գործը: Ստեղծել մասնագիտական դպրոց՝ դժվար, բայց կարևոր գործ է, ինչը դուք իրականացրել եք՝ հիմնվելով նյարդավիրաբուժության լավագույն ավանդույթների վրա: Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ու մաղթում առողջություն և երկար տարիների կյանք»:

ՀՀ առողջապահության փոխնախարար Սուրեն Խաչատրյանը հոբելյարին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը, որում ասվում էր. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 95-րդ տարեդարձի կապակցութամբ: Դուք մեր բժշկագիտության այն երախտավորներից եք, ովքեր ճանաչվել և գնահատվել եք նաև արտերկրում: Բարձր գնահատականի է արժանի Ձեր ներդրումը ազգային բժշկագիտության զարգացման, մեր երկրում նյարդավիրաբուժության ներդրման գործում: Ձեր կյանքի շուրջ 75 տարիները Դուք նվիրել եք մարդասիրական ամենաբարձր առաքելություններից մեկին, հանդես եկել որպես բարդագույն վիրահատական միջամտությունների հեղինակ: Ուրախալի է, որ այսօր էլ նույն ավյունով շարունակում եք Ձեր աշխատանքը և մանկավարժական շնորհակալ գործունեությունը: Մաղթում եմ քաջ առողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք»:

Ներկայացնելով վաստակաշատ բժշկի ներդրումը ԵՊԲՀ հետդիպլոմային ֆակուլտետի նյարդաբանության ամբիոնի ստեղծման կարևոր գործում, Սուրեն Զոհրաբյանին շնորհավորեց նաև այդ նյարդաբանության ամբիոնի ներկայիս վարիչ, ՀՀ գլխավոր նյարդաբան Գուրգեն Հովհաննիսյանը: Այնուհետև վերջինս փոխանցեց նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ղեկավարության և անձնակազմի, ինչպես նաև իր ղեկավարած ամբիոնի աշխատակիցների շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:

Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հոբելյարին փոխանցեց Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի շնորհավորական գիրը, որում մասնավորապես ասվում էր. «Սիրելի պարոն Զոհրաբյան, հղում ենք Ձեզ մեր ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: Գիտության ու բժշկության լայն շրջանակներում մեծապես հայտնի է Ձեր անունը և բեղուն գործունեությունը, որ զարդարված է բազում նշանակալի ձեռքբերումներով»:

Այնուհետև Հանրային առողջության հայկական ասոցիացիայի տնօրեն, համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցը, շնորհավորելով հոբելյարին, ներկայացրեց Սուրեն Զոհրաբյանի անցած պանծալի ուղին և գործունեությունը:

95-ամյա հոբելյարին շնորհավորեցին նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, ԵՊԲՀ նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի ղեկավար Ռուբեն Ֆանարջյանը, ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ Հովհաննես Մանվելյանը:

ՀԱՊԿ ինստիտուտի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Նվեր Թորոսյանը շնորհավորելով և բարեմաղթանքներ հղելով հոբելյարին, նշեց, որ վերջինս ընտրվել է ՀԱՊԿ հայաստանյան ներկայացուցչության ռազմական խորհրդի անդամ և նրան շնորհեց ոսկե մեդալ: Հնչեցին նաև ՌԴ ԲԳԱ Ն.Ն. Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի գիտական ղեկավար, ՌԴ ԳԱ Ալեքսանդր Կոնովալովի, Ուկրաինայի ԲԳԱԱ ակադեմիկոս Ա.Պ. Ռոմոդանովի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտի տնօրեն, Ուկրաինայի ԲԳԱԱ ակադեմիկոս Եվգենի Պեդաչենկոյի, Ատլանտայի (ԱՄՆ) նյարդավիրաբուժության ինստիտուտի պրոֆեսոր Արթուր Գրիգորյանի շնորհավորական հեռագրերը:

Միջոցառման ավարտին Եվրասիական նյարդավիրաբուժական ակադեմիայի ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանը շնորհակալություն հայտնեց բազմաթիվ շնորհավորանքների և ջերմ բարեմաղթանքների համար:

Նշենք, որ միջոցառումը կազմակերպել էին ՀՀ առողջապահության նախարարությունը, «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ն և Երևանի պետական բժշկական համալսարանը:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook