Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ում կանանց տոների կապակցությամբ շնորհավորեցին կին բուժաշխատողներին

31.03.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ Երևան քաղաքի բժշկական կենտրոնների, Բժշկական համալսարանի և առողջապահության համակարգի մի շարք կին բուժաշխատողներին կանանց տոների կապակցությամբ շնորհավորեց և նվերներ հանձնեց առողջապահության պահպանման գործում ունեցած առանձնակի դերակատարման, երկարամյա անձնվեր աշխատանքի և առողջապահության զարգացման գործում ներդրած ավանդի համար: Միջոցառմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար, «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի պատվավոր նախագահ Արմեն Մուրադյանը, «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի համանախագահներ Արա Բաբլոյանը և Արա Մինասյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, բուհի ղեկավարությունը:

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության, մանկության մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ողջունելով և շնորհավորելով կանանց, ասաց, որ «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ն միշտ ուշադրության կերնտրոնում է պահում կին բուժաշխատողների կատարած աշխատանքը և գնահատում է նրանց մեծ ներդրումը առողջապահության ոլորտում: «Առողջապահական համակարգում աշխատում են մեծ թվով կանայք. այդ կապակցությամբ կարող ենք վստահաբար ասել, որ մեր առողջապահությունը դրված է նրանց նուրբ ուսերին:»

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհավորեց կին բուժաշխատողներին կանանց տոների կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց անձնուրաց ու նվիրումով կատարած ամենօրյա աշխատանքի համար: «Գաղտնիք չէ, որ առողջապահության ոլորտը բաղկացած է կանանցից, ովքեր ցուցաբերում են իրենց հոգատարությունը հիվանդների նկատմամբ մանուկ հասակից մինչև խոր ծերություն, ինչի համար ես իմ երախտագիտությունն եմ հայտնում նրանց: Կոչ եմ անում բոլոր կանանց առողջությունը ճանաչել բացարձակ արժեք ձեր ընտանիքներում և մեր ժողովրդի համար»:

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, շնորհավորելով կանանց, նշեց. «Նախարարը մի քանի օր առաջ իր ելույթում ասաց, որ այսօր մենք բժիշկներին մեծարելու խնդիր ունենք: Ես լիովին համաձայն եմ նրա հետ. մենք հաճախ չենք հիշում այն մարդկանց, ովքեր գիշեր-ցերեկ հիվանդի կողքին են, ովքեր շուրջօրյա ընտանիքից հեռու զբաղվում են իրենց մասնագիտական գործունեությամբ: Պետք է առաջարկվեն այնպիսի ծրագրեր, որոնցում առանձնացվելու և կարևորվելու են բժիշկները, որպեսզի հասարակությունը նորից սիրով ու հարգանքով վերաբերվի նրանց: Ես հույս ունեմ, որ նմանատիպ միջոցառումները սկիզբ են դնելու այն գործընթացներին, որոնք մենք իրականացնելու ենք առողջապահության ոլորտում»:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը, շնորհավորելով և նվերներ հանձնելով կին բուժաշխատողներին նշեց, որ «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը Հայաստանի երտասարդական հիմնադրամի հետ համատեղ կանանց տոների կապակցությամբ առաջիկա օրերին կշնորհավորի նաև Երևանի և հանրապետության մարզերի բժշկական կենտրոնների մի շարք կին բուժաշխատողներին:

Ներկա կանանց անունից քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի տեղակալ Գայանե Անտոնյանը շնորհակալություն հայտնեց գնահատանքի համար և նշեց, որ առանց տղամարդկանց աջակցության և փոխհամագործակցության կանանց կատարած աշխատանքը չէր լինի արդյունավետ:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook