Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ում կայացավ «Կլինիկական պարօդոնտոլոգիա» դասագրքի շնորհանդեսը

31.03.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ բուհի թերապևտիկ ստոմատոլոգիայի և պարօդոնտոլոգիայի ամբիոնի վարիչ Վարդան Բակալյանի և նույն ամբիոնի ասիստենտ Լուսինե Հարությունյանի «Կլինիկական պարօդոնտոլոգիա» դասագրքի շնորհանդեսը:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, ՀՀ ԱՆ գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանը. «Այս գրքի շնորհանդեսը կարևոր իրողություն է հայկական ստոմատոլոգիայում, քանի որ «Կլինիկական պարօդոնտոլոգիա» դասագիրքը մեզ հնարավորություն է տալու քայլել ժամանակակից ստոմատոլոգիայի պահանջներին համահունչ: Շնորհավորում եմ դասագրքի հեղինակներին և մաղթում նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ»:

Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Վալերի Տատինցյանը ևս, շնորհավորելով դասագրքի հեղինակներին, ընդգծեց դրա կարևորությունը ոչ միայն գործնական ստոմատոլոգիայում, այլև ուսուցման գործընթացում, քանի որ պարօդոնտոլոգիան ոչ միայն ստոմատոլոգիայի կարևորագույն ճյուղերից մեկն է:

Շնորհակալություն հայտնելով բուհի ղեկավարությանը և բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրենց նախաձեռնությանը՝ հեղինակ Վարդան Բակալյանը հակիրճ ներկայացրեց «Կլինիկական պարօդոնտոլոգիա» դասագրքի ստեղծման բարդ և երկարատև ուղին: Նա նշեց, որ դասագիրքը գրվել է ութ տարվա ընթացքում, և վերջին 3-4 տարիները եղել են ամենաբարդը, սակայն աջակիցների շնորհիվ իրենք հաղթահարել են այդ դժվարությունները, և այսօր ապագա ու ներկա մասնագետների դատին են հանձնում այն: Հեղինակը տեղեկացրեց, որ դասագրքում հանգամանորեն շարադրված են պարօդոնտոլոգիայի բոլոր բաժինները, և այն հագեցած է սխեմաներով, աղյուսակներով ու նկարներով, որոնք ավելի պատկերավոր են դարձնում նյութը:

Այնուհետև Վարդան Բակալյանը գրքի մեկական օրինակ նվիրեց աշխատանքի գրախոսներին և ստեղծման աջակիցներին:

Նշենք, որ դասագիրքը նախատեսված է բոլոր ստոմատոլոգների, կլինիկական օրդինատորների, բժիշկ-ինտերնների, ինչպես նաև ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողների, դիմածնոտային վիրաբույժների, նախադիպլոմային և հետդիպլոմային կրթական համակարգի դասախոսների համար:

Միջոցառման հանդիսավոր մասի ավարտին հաջորդեցին թեմատիկ զեկույցներ:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook