Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Հնդկաստանի դեսպանը «Մուրացան»-ին նվիրեց թալասեմիա հիվանդությունը բուժող դեղամիջոցներ

23.03.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրին Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն նվիրեց թալասեմիա հիվանդությունը բուժող դեղամիջոցներ:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն, ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, բուհի և հիվանդանոցի ղեկավարությունը, անձնակազմը:

Հյուրերին ողջունեց և շնորհակալություն հայտնեց ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլախավոր բժիշկ Բագրատ Բավեյանը. «Պարոն դեսպանն առաջին անգամը չէ, որ աջակցում է մեր հիվանդանոցում բուժվող երեխաներին: Այսօր նույնպես նա ցանկություն է հայտնել նվիրատվություն կազմակերպելու դեղամիջոցների տեսքով: Պարո՛ն դեսպան, շուտով ավարտվում է Ձեր դիվանագիտական գործունեությունը Հայաստանում, սակայն կարծում եմ՝ մեր համագործակցությունը կլինի շարունակական: Մաղթում եմ Ձեզ նորարնոր հաջողություններ Ձեր հետագա գործունեության մեջ»:

ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն իր ելույթում ասաց. «Այս նվիրատվության կարևորությունը նրա արժեքը չէ. դա համեստ ներդրում է հիվանդ երեխաների բուժման գործում: Հայաստանի համար դեղերն անվճար տրամադրել է Cipla դեղագործական ընկերությունը, որը դեղագործական լավագույն ընկերություններից է Հնդկաստանում: Այն դեղ է ստեղծել թալասեմիա հիվանդության դեմ: Մեկնելուց առաջ ես որոշեցի պարտադիր կազմակերպել դեղամիջոցների փոխանցումը: Վստահ եմ, որ դեղորայքը կփրկի այս հիվանդությունից տառապող երեխաների կյանքը: Համոզված եմ, որ մեր համագործակցությունը և ընկերական հարաբերությունները Երևանի բժշկական համալսարանի հետ կլինեն շարունակական»:

ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ պարոն դեսպանը իր՝ Հայաստանում ծավալած գործունեության ընթացքում քանիցս իրականացրել է նմանատիպ միջոցառումներ ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում: «Ցանկանում եմ շեշտել, որ հայ-հնդկական հարաբերությունները մեծ զարգացում ստացան հենց Սուրեշ Բաբուի պաշտոնավարման ընթացքում: Համոզված եմ, որ սա մեր վերջին հանդիպումը չէ, և մեր համագործակցությունը կշարունակվի», - ասաց նա:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ողջունելով ներկաներին, ասաց. «Մեր համալսարանն արդեն 27 տարի համագործակցում է Հնդկաստանի Հանրապետության հետ. մեր բուհում ուսանում են մեծ թվով հնդիկ ուսանողներ: Վերջին երեք տարիների ընթացքում համագործակցությունն ընդլայնվել է, ներթափանցել համալսարանական կլինիկաներ: Կարևորում եմ մեր համագործակցության շարունակությունը նաև գիտական ասպարեզում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ոչ միայն նվիրատվության, այլ նաև այսօրվա և հետագա համագործակցության համար»:

Նշենք, որ այժմ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում բուժում են սատնում թալասեմիայով հիվանդ 26երեխա, և այս քանակությամբ դեղամիջոցները կօգնեն նրանց ավելի քան երկու տարի:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook