Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Հայաստանյան բուհերի 794 ուսանողներ ստացան ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր

22.03.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հանրապետության տարբեր բուհերի 794 ուսանողներ ստացան ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր: Ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը իրականացրել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ԵՊԲՀ ղեկավարությունը, հայաստանյան բուհերի ուսանողական կառույցների ղեկավարներ, ուսանողներ:

Հավաստագրեր ստացողներից 652-ը պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատի առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողներ էին, որոնք փոխհատուցում ստանում են մրցութային կարգով։ Վերջիններս բարձր առաջադիմություն ունեցող, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների, միակողմանի ծնողազուրկ, հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողներ են։

Ուսանողներին հավաստագրեր հանձնեց և շնորհավորեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և նշեց, որ այս ծրագիրը ևս մեկ փաստ է, որը խոսում է ՀՀ կառավարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի արդյունավետ համագործակցության մասին։ Վարչապետ ընդգծեց, որ կառավարությունը երկրի նախագահի գլխավորությամբ ամեն ինչ անում է, որպեսզի ուսանողները, անկախ սոցիալական խնդիրներից, կարողանան ստանալ գիտելիք։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, հավաստագրեր հանձնելով սահմանամերձ գոտիներում զինվորական ծառայություն անցած ուսանողներին, նկատեց, որ այս ծրագրով ոչ միայն սոցիալական խնդիր է լուծվում, այլև ուսանողը տեսնում է, որ ինքն իր կրթությամբ, գիտելիքով, աշխատասիրությամբ կարող է ինքնուրույնաբար որոշակի հարցեր լուծել։ Նա նաև շեշտեց, որ տարեցտարի ավելանում են հնարավորություններն ուսանողների համար, այսօր արդեն կան բազմաթիվ ծրագրեր, որոնք կարող են օգնել սովորողներին իրենց կրթության խնդիրը լուծելիս։ Նա առանձնացրեց այն փաստը, որ Երիտասարդական հիմնադրամն իր միջոցներով ամբողջությամբ փոխհատուցում է նաև 2 և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձն ամբողջ ուսումնառության ընթացքում։

Նշենք, որ ուսման վարձի փոխհատուցման արժանացան նաև ՀՀ կառավարության որոշմամբ սոցիալական աջակցություն ստացող ՀՀ սահմանամերձ համայնքների պետական, ոչպետական, միջպետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի 1-ին կուրսերում սովորող142 ուսանողներ։ Այս խմբի ուսանողներն ուսման վարձի փոխհատուցում ստանում են առանց մրցույթի։

Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողներից ուսման վարձի փոխհատուցման հավաստագիր ստացավ հիսուն հոգի, որոնք ուսանողներին հանձնեց համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ Անի Ռափյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության աջակցությամբ ուսման վարձերի փոխհատուցման ծրագրեր իրականացնում է 2011 թվականից։ 2011 թվականից ի վեր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տարբեր ծրագրերով փոխհատուցել է շուրջ 5000 ուսանողի ուսման վարձ։

Pictures

 

Science Week 2017

Announcements


Find us on Facebook