16.02.2016
Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ղեկավարությունը հյուրընկալեց Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ռասոուլ Դինարվանդի գլխավորած պատվիրակությանը:
ԵՊԲՀ միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը, ողջունելով հյուրերին, ասաց, որ դրական է գնահատում Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետությունների համագործակցությունը և շատ ուրախ է, որ այս այցն ավելի է նպաստելու դրա խորացմանը: Նա Իրանի պատվիրակությանը ներկայացրեց բժշկական համալսարանի պատմությունը, տեղեկություններ հաղորդեց բուհի կրթական, ուսումնական, գիտական և կլինիկական ուղղությունների առանձնահատկությունների մասին: Պրոռեկտորն իր խոսքում նշեց ԵՊԲՀ-ի միջազգային գործունեության մասին՝ հատուկ ընդգծելով Իրանի տարբեր շրջաններից 175 ուսանողների՝ մեզ մոտ ուսանելու փաստը:
Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Ռասոուլ Դինարվանդը շնորհակալություն հայտնեց ԵՊԲՀ ղեկավարությանը՝ ընդունելության համար և հույս հայտնեց, որ իրենց այս այցն ավելի կխորացնի Հայաստանի և Իրանի միջև եղած ջերմ հարաբերությունները: Նա տեղեկացրեց, որ իրենք Հայաստանում են՝ նախապատրաստելու Իրանի առողջապահության նախարարի այցը, և արդեն հանդիպել են ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ ու ձեռք բերել որոշ համաձայնություններ: «Մեր նպատակն է ծանոթանալ Հայաստանի առողջապահական համակարգի հետ՝ համագործակցության շարունակության համար: Մեր այս այցին կհետևի Հայաստանի պատվիրակության այցը Իրան, որը հնարավորություն կտա մեր երկրներին շարունակելու համագործակցությունը կրթական, գիտական, առողջապահական ոլորտներում: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության համար և հույս հայտնում, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական և փոխշահավետ»:
Այնուհետև Իրանի պատվիրակությանն ուղեկցեցին «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, տեղում ծանոթացան հիվանդանոցի աշխատանքներին:
Հյուրերը եղան նաև Սիմուլյացիոն կենտրոնում, որտեղ նրանց ներկայացրին տեղում իրականացվող կրթական ծրագրերը և կենտրոնի գործունեությունը: