Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրվան նվիրված ցուցահանդես-վաճառք «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում

15.02.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում կայացավ քաղցկեղով հիվանդ երեխաների աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Միջոցառումը, որին մասնակցում էր բուհի ղեկավարությունը և ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն, նվիրված էր Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրվան:

Ցերեկույթի բացման խոսքով հանդես եկավ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի ղեկավար Սամվել Դանիելյանը: «Այսօր աշխարհը նշում է քաղցկեղով հիվանդ երեխաների օրը, սակայն մեզ համար այն քաղցկեղի դեմ պայքարի օրն է: Հենց այս օրվա կապակցությամբ է կազմակերպվել այս ցուցահանդես-վաճառքը, որի ողջ հասույթը կփոխանցվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը», - ասաց նա: Սամվել Դանիելյանը ընդգծեց, որ միջոցառմանը ներկա բոլոր մարդիկ անմիջական կապ ունեն քաղցկեղով հիվանդ երեխաների և նրանց բուժման հետ, ուստի շնորհակալություն է հայտնում նրանցից յուրաքանչյուրին՝ աջակցության և նվիրումի համար՝ հատուկ նշելով Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուի և դեսպանատան մշտական աջակցության մասին: Այնուհետև նա ընթերցեց բուժվող երեխաների շնորհակալագրերն՝ ուղղված Հնդկաստանի դեսպանին:

ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն, շնորհակալություն հայտնելով նման կարևոր և հուզիչ միջոցառմանն իրեն հրավիրելու համար, ասաց. «Հպարտ եմ գտնվելու այս հիվանդանոցում, քանի որ այստեղ բուժանձնակազմը իր ողջ ուժերն է ներդնում հիվանդ երեխաներին բուժելու համար: Մենք մեր լուման ենք ուզում ունենալ այս կարևոր գործում, և իմ ու մեր դեսպանատան անունից հավաստիացնում եմ, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական՝ հանուն այս երեխաների կյանքերի փրկության, քանի որ նրանք մեր հույսն ու ապագան են»:

Այնուհետև դեսպանն իր անձնական միջոցներից երեխաների բուժման համար տրամադրեց 500 հազար դրամ գումար:

Միջոցառմանը ներկա Բագրատ սրբազանն օրհնեց ներկաներին և նույնպես շնորհակալություն հայտնեց նրանց՝ իրենց անձնվեր աշխատանքի և իրեն բուժհաստատություն հրավիրելու համար, ինչպես նաև հուսադրող խոսքեր ասաց բուժվող երեխաներին և նրանց ծնողներին. «Սիրելի՛ երեխաներ և ծնողներ, դուք այսօր փորձության միջով եք անցնում, որի պատճառը չգիտեմ և չեմ կարող ասել: Բայց իմացե՛ք, որ ձեր հանդեպ խղճահարությունը չէ, որ մեզ առաջնորդում է, այլ մեծ սերը, որ նաև ձեր մեջ եք կրում: Խոնարհվում եմ ձեր առջև և մաղթում շուտափույթ ապաքինում: Աստված ձեզ պահապան»:

Ոգևորիչ խոսքով հանդես եկավ նաև ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը. ««Մանկական քաղցկեղ» բառակապակցությունն ինքնին անբնական և անտրամաբանական է: Աշխարհը, մարդիկ այսօր վերափոխվել են, սակայն սա այն քիչ երևույթներից է, որ միավորում է ցանկացած դիրքի, պաշտոնի, հնարավորության տեր մարդկանց՝ այդ հիվանդության դեմ պայքարում: Եվ բոլորիս նպատակն այն է, որպեսզի այդ բառակապակցությունը վերանա»:

Այնուհետև հյուրերը նկարներ գնեցին ցուցահանդես-վաճառքից, իսկ վերջում ծաղրածուն զվարճացրեց հավաքված երեխաներին և, նրանք ստացան նվերներ:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook