Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Էլեկտրոնային տվյալների կիրառումը առողջապահական էկոնոմիկայի գնահատման նպատակով» խորագրով աշխատաժողով ԵՊԲՀ-ում

29.01.2015

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ Society for Pharmacoeconomics and Outcomes Research (ISPOR) կազմակերպության կողմից իրականացվող «Առողջապահական տեխնոլոգիաների գնահատման զարգացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում իրականացվող «Էլեկտրոնային տվյալների կիրառումը առողջապահական էկոնոմիկայի գնահատման նպատակով» խորագրով աշխատաժողովը: Հանդիպմանը ներկա էին հյուրեր Շվեյցարիայից, Վրաստանից, հայաստանյան բուհերից և ԵՊԲՀ ամբիոններից:

Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը. «Այս հանդիպումը կարևոր է նրանով, որ հնարավորություն ունենք հասկանալու, թե ինչ նոր մոտեցումներ կան մեր գործունեության այնպիսի կարևորագույն ոլորտներում, ինչպիսիք են դեղագիտությունը, դեղագործությունը, դեղագործական էկոնոմիկան: Որպես բժիշկ և կլինիցիստ՝ ես հաճախ եմ առնչվում այն խնդիրների հետ, թե ինչպիսի դեղեր նշանակել, որ լինեն և արդյունավետ, և անվտանգ, և մատչելի: Այս խնդիրն ակտուալ է հատկապես այն բժիշկների համար, ովքեր աշխատում են առաջնային օղակում, քանի որ դեղերի հիմնական սպառողները հենց նրանք են, և շատ կարևոր է, որ նրանք մշտապես տեղեկացված լինեն, թե ինչ է կատարվում դեղորայքային շուկայում: Եվ կարծում եմ, որ ձեր այսօրվա քննարկումներն ու դրանց ամփոփումը շատ օգտակար կլինեն այս առումով, ինչպես նաև տեղ կգտնեն մեր ուսումնական ծրագրերում: Մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք»:

Ռեկտորի ողջույնի խոսքից հետո զեկույցով հանդես եկավ դեղագործության կառավարման ամբիոնի ավագ դասախոս, «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մարթա Սիմոնյանը, ով ներկաներին ծանոթացրեց ISPOR կազմակերպության գործունեությանը:

Այնուհետև ISPOR կազմակերպության հայաստանյան ղեկավար Անուշ Փերիխանյանը ներկայացրեց Health Technology Assessment (HTA)՝ Առողջապահական տեխնոլոգիաների գնահատման համակարգը:

Զեկուցումներով հանդես եկան նաև աշխատաժողովի այլ մասնակիցներ՝ ներկայացնելով eHealth-ի էությունը, գործունեությունը, ներկան և ապագան:

Աշխատաժողովն ամփոփվեց մասնակիցների հարցուպատասխանով:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook