Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Սահմանամերձ գյուղի դպրոցները մեր ուշադրության կենտրոնում են

18.12.2015

Ս/թ դեկտեմբերի 17-18-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում իրականացվեց ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի կողմից կազմակերպված բարեգործական ակցիա:

Ակցիայի շրջանակներում դեկտեմբերի 17-ին համալսարանի վարչական մասնաշենքի ճեմասրահում բացվեց դպրոցի աշակերտների և նրանց ծնողների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որը շարունակվեց երկու օր:

Բարեգործական ակցիան ամփոփվեց դեկտեմբերի 18-ին՝ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի և Ուսանողական խորհրդարանի կողմից կազմակերպված բարեգործական համերգով: Համերգին ելույթ ունեցան դպրոցի սաները, ինչպես նաև մանկապատենական պարի և երգի հրավիրված խմբակներ:

Համերգին բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը. «Ես ուրախ եմ, որ այսօր բոլորս հավաքվել ենք մեկ գաղափարի շուրջ, այն է՝ օգնել մարդուն և հասկացնել աջակցության կարիք ունեցողներին, որ մենք նրանց հետ ենք: Ցանկանում եմ, որ միշտ ապրենք միմյանց օգնելու, լավ գործ անելու գաղափարով: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցեցին այս ակցիայի իրականացմանը և հուսով եմ, որ այն կլինի շարունակական»:

Ողջունելով ներկաներին և դիմելով դպրոցի աշակերտներին՝ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը ասաց. «Անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն կընտրեք հետագայում, իմացեք, որ արդեն ձեր մեջ կրում եք մարդասիրության վեհ գաղափարը: Շնորհակալություն եմ հայտնում ամեն ինչի համար և մաղթում բոլորիս հաճելի օր»:

Տեղեկացնենք, որ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի կազմակերպած երկօրյա բարեգործական ակցիայից գոյացած ողջ հասույթը՝ մոտ 800.000 դրամ կփոխանցվի Գեղարքունիքի մարզի Կուտական սահմանամերձ գյուղի միջնակարգ դպրոցին:

















Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook