Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Բժշկական համալսարանը, «Հերացի» ավագ դպրոցը և Լեզվի ինստիտուտը կհամագործակցեն

11.12.2015

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի և ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի միջև կնքվեց համագործակցության եռակողմ հուշագիր: Հուշագրի համաձայն՝ կողմերը կհամագործակցեն հետևյալ հարցերում՝ հայոց լեզվի ուսուցիչների մասնագիտական աճի և հետազոտական աշխատանքների խթանում, համատեղ միջոցառումների կազմակերպում, դպրոցականների լեզվական գիտելիքների ամրապնդում և լրացուցիչ գիտելիքների հաղորդում:

Հանդիպման ընթացքում դպրոցի սաները ԵՊԲՀ և Լեզվի ինստիտուտի պատվիրակություններին ներկայացրին հայոց լեզվի և հայ գրականության արդիական թեմաներով իրենց ինքնուրույն հետազոտական աշխատանքները, ինչպես նաև ասմունքեցին, դաշնամուր նվագեցին՝ իրենց ընդունակություններով հիացնելով ներկաներին:

ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, նշելով, որ բժշկական համալսարանն այժմ գտնվում է միջազգային հավատարմագրման ծրագրային փուլում, ընդգծեց աշակերտների կողմից իրականացվող հետազոտական աշխատանքների կարևորությունը. «Այս փորձը ցույց է տալիս, որ մեր ապագա ուսանողները հաջողությամբ իրականացնում են ինքնուրույն հետազոտական աշխատանք արդեն այսօր՝ դեռևս գտնվելով դպրոցում, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել և նրանց , և մեր դպրոցի ուսուցիչներին»:

Ծանոթանալով «Հերացի» ավագ դպրոցի շնորհալի աշակերտների ինքնուրույն աշխատանքներին՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արտեմ Սարգսյանը խոստովանեց. «Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ այս օջախում, օջախ, որտեղ այսքան գուրգուրանքով են վերաբերվում մայրենի լեզվին: Հպարտ եմ այն ուսուցիչներով, որ նման աշխատանք են տանում, և ուզում եմ փաստել, որ մեր լեզուն վստահելի ձեռքերում է»: Իսկ ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ներկայացնելով հուշագրի կարևորությունը, ընդգծեց, որ դպրոցում մայրենիի ուսուցումն ամուր հիմքերի վրա է դրված:

Հանդիպումն անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում:




Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook