Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«ԶԼՄ-ներ և հոգեկան առողջություն» խորագրով գիտաժողով ԵՊԲՀ-ում

11.12.2015

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «ԶԼՄ-ներ և հոգեկան առողջություն» խորագրով գիտաժողովը, որը կազմակերպել էր Հայկական հոգեբուժական ասոցիացիան՝ ԵՊԲՀ-ի հետ համատեղ: Միջոցառումն իրականացվում էր բուհի 95-ամյակի շրջանակում:

ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշեց. «Ես ուզում եմ խոսել էմոցիաների մասին. մի ամերիկացի գիտնական առաջարկել է մարդու էմոցիոնալ ֆոնի ձևավորման բանաձև՝ ներքին պահանջարկ և ինֆորմացիա այդ պահանջարկը բավարարելու համար և առանձնացրել էմոցիաների երեք տեսակ: Եթե պահանջարկը բավարարելու վերաբերյալ ինֆորմացիան դրական է, մարդն ունենում է դրական էմոցիաներ և հակառակը՝ եթե այդ ինֆորմացիան բացասական է, ապա մարդու մոտ առաջանում են բացասական էմոցիաներ: Եվ երրորդը տագնապն է, այսինքն՝ երբ ինֆորմացիան անորոշ է. ուզում եմ իմանալ, ուզում եմ ունենալ, բայց չգիտեմ կլինի, թե՝ ոչ: Մենք շատ ենք կարևորում հոգեկան առողջությունը, դրա պահպանման և կորստի կանխարգելման մեխանիզմները: Այդ պատճառով այսօրվա զեկուցումների, քննարկումների և մասնագիտական մեկնաբանությունների արդյունքները կներառվեն մեր ուսումնական ծրագրերում»:

ՀՀ ԱՆ մասնագիտացված բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը փոխանցեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ողջույնի խոսքը. «Հոգեկան առողջության խնդիրները մշտապես գտնվում են առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում և առաջնահերթություն են կազմում բոլոր մարտահրավերների կազմում: Ուզում եմ ընդգծել, որ ԶԼՄ-ների խոսքը կառուցում է մարդու հոգեկան առողջությունը, նրանցից է սկսվում դեռահասների, մանուկների հոգեկան առողջության ձևավորումը: Հուսով ենք, որ ԶԼՄ-ները, կօգնեն, որ ավելի ճիշտ և կառուցողական լինի հոգեկան առողջության ոլորտը»:

Գիտաժողովի մասնակիցներին ուղերձ էր հղել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը. «Ողջունում եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված գիտաժողովը, որն իրականացվում է համալսարանի 95-ամյակի շրջանակում: Մենք ապրում ենք հաղորդակցության և կապի միջոցների հեղափոխության ժամանակներում, երբ ինֆորմացիա հաղորդելու և հանրությանը հասցնելու խողովակներն ու գործիքները անընդհատ համալրվում են. սոցիալական ցանցերն ու առցանց լրատվությունն այսօր դիտարկվում են հանրային գիտակցություն ձևավորելու հավելյալ տեսակներ, որոնց ազդեցության գործոնն արդի գիտական մտքի կողմից դեռևս լիարժեք հետազոտված և գնահատված չէ: Հաղորդակցությունն ու լրատվությունը, առանց չափազանցության, ժամանակակից մարդու ամենօրյա կենսական մշակույթի կարևոր բաղադրիչն են, հետևաբար, որպեսզի փոփոխություն իրականացվի հասարակություններում, պետք է նախևառաջ այդ մշակույթը համակողմանի ուսումնասիրել, ապա նաև մշակել այն փոփոխելու բանաձևեր»:

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր նախագահ, ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի պրոֆեսոր Մարիետա Մելիք-Փաշայանը ևս իր խոսքում անդրադարձավ մարդու էմոցիոնալ ֆոնի ձևավորմանը. «Այժմ էմոցիոնալ ինտելեկտի դար է: Իսկ ի՞նչ է էմոցիոնալ ինտելեկտը: Դա դիմացինի, նաև իր սեփական զգացմունքները հասկանալու և դրանք ճիշտ դրսևորելու կարողությունն է: Եթե այս ամենը բացակայում է, մարդու մոտ հաճախ ի հայտ են գալիս հոգեկան խանգարումներ, որոնք էլ բերում են առողջական խնդիրների, և մարդիկ սկսում են բուժվել տարբեր բժիշկ-մասնագետների մոտ՝ չգիտակցելով այդ խանգարումների փսիխոսոմատիկ բնույթը»:

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանն իր խոսքում ընդգծեց ԶԼՄ-ների դերը հոգեկան առողջության պահպանման գործում. «Գաղտնիք չէ, որ որոշակի պահերի չորրորդ իշխանություն համարվող ԶԼՄ-ներն են լինում իրական իշխանությունը և չափազանց շատ բան կախված է լինում նրանց ներկայացման ձևից և բովանդակությունից, խոսքից: Այսօրվա խորհուրդը հոգեկան առողջության վրա ամենաազդեցիկ գործոններից մեկի՝ ԶԼՄ-ների դերը կարևորելը, նրանց իրական ուժն ու ազդեցությունը ներկայացնելը և այդ ուժը ստեղծարար ուղղությամբ հորդորն ու կոչն է, այլապես ոչ ոք երաշխավորված չէ ապաթիկ, դեպրեսիվ մթնոլորտի խորացման գործում իր ներդրած թեկուզև փոքր լումայի անկանխատեսելի հետևանքների»:

Ողջույնի խոսքերին հաջորդեցին զեկուցումներն ու մասնագիտական քննարկումները:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook