Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Բժշկականում ամփոփեցին բուհի 95-ամյա հոբելյանին նվիված միջոցառումները

8.12.2015

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ բուհի 95-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառումը: Հանդիսությանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, պատգամավորներ, հայաստանյան բուհերի ռեկտորներ, այլ հյուրեր:

Միջոցառման մեկնարկը տրվեց ԵՊԲՀ ուսանողների կողմից պատրաստված ֆիլմով, որը ներկայացրեց բուհի 95-ամյա ուղին: Ֆիլմի ցուցադրումից հետո ռեկտոր Միքայել Նարիմանյանը հակիրճ ներկայացրեց բուհի վերջին տարիների նվաճումներն ու ձեռքբերումները: «Բժշկական համալսարանի ռազմավարությունը որակն է, գործունեության միջազգայնացումը: Մենք պահպանում ենք այն ավանդույթները, որոնք ծնվել, մշակվել և զարգացել են այս բուհում», - իր խոսքն ամփոփեց ռեկտորը:

Այնուհետև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բուհի 95-ամյա հոբելյանի կապակցությամբ համալսարանի հետևյալ աշխատակիցներին շնորհեց ՀՀ պետական բարձրագույն և կառավարության պարգևներ. ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանին՝ Մովսես Խորենացու մեդալ, «Անեսթեզիոլոգիա և ինթենսիվ թերապիա» ամբիոնի վարիչ Իրինա Մալխասյանին՝ Մխիթար Հերացու մեդալ, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյան, Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Նունե Շահվերդյանին, գլխավոր հաշվապահ Լարիսա Պարսեղյանին, Կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի ղեկավար Լարիսա Ավետիսյանին՝ վարչապետի հուշամեդալով, իսկ Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ՝ Սամվել Գալստյանին, Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանին, Դեղագիտական ֆակուլտետի դեկան Բագրատ Ենոքյանին՝ վարչապետի շնորհակալագրով:

Շնորհավորելով բժշկական համալսարանի 95-ամյակը՝ վարչապետը նշեց. «Տասնամյակների պատմության ընթացքում բուհը դարձել է բժշկական կադրերի մասնագիտական դարբնոց, որտեղ կրթվել են բարձրակարգ բժիշկների բազմաթիվ սերունդներ: Երևանի պետական բժշկական համալսարանը վերջին տարիներին մի շարք նշանակալի բարեփոխումներ է իրականացրել, որոնցից են, մասնավորապես, նորաբաց ուսումնական սիմուլյացիոն կենտրոնը և վերանորոգված կլինիկաները, որոնք ապահովում են ժամանակակից կրթություն կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները, և որտեղ բժշկական պահանջված կրթություն են ստանում ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի բազմաթիվ ուսանողներ: Բժիշկն այն եզակի մասնագետներից է, ով իր գործունեությունն սկսելուց առաջ երդվում է և պարտավորվում առաջնորդվել ոչ միայն մասնագիտական գիտելիքներով, այլև մարդասիրությամբ ու գթասրտությամբ՝ երբեք չմոռանալով, որ գործ ունի մարդու կյանքի և առողջության հետ: Բժշկական համալսարանի շրջանավարտները ձևավորել են կայուն և բարձրակարգ աշխատանքային շուկա և բազմիցս ապացուցել իրենց մրցունակությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս: Հայ բժիշկների բարձր անունն ու բարի համբավը ճանաչված և ընդունված է ամբողջ աշխարհում, և սա մեզ համար, իսկապես, հպարտանալու, ինչպես նաև մեկ անգամ ևս պետական բժշկական համալսարանի կարևորագույն դերակատարումը գնահատելու առիթ է»:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը բուհի 95-ամյա հոբելյանի կապակցությամբ համալսարանի կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանին, հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Արմեն Համբարձումյանին և միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանին ԱԺ նախագահի հուշամեդալով պարգևատրելուց հետո փոխանցեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորանքը. «Այս հոբելյանի հետևում հարուստ տարեգրություն է, իրենց գործին, բժշկի երդմանն ու պարտքին իսկապես նվիրված գիտնականների ու մանկավարժների մի քանի սերունդ: Սա այն բուհն է, որտեղ հպարտություն են և՛ տարիները, և՛ կատարված գործերը: Ուրախալի է, որ տասնամյակների ընթացքում այստեղ պահպանվում է սերունդների հաջորդականությունը, բազմապատկվում են ձեռք բերված նվաճումներն ու ստացած ժառանգությունը:

Ներկայումս Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հաստատուն պետական ու հասարակական ճանաչում ունի, որի ապացույցը նրա բարձր վարկանիշն է թե՛ մեր երկրում, թե՛ նրա սահմաններից դուրս: Այն բարձրակարգ մասնագետների պատրաստման ժամանակակից բազմամակարդակ համակարգ է: Այսօր բուհի առջև նոր խնդիրներ են դրված, բայց մի խնդիր մնում է անփոփոխ` ապահովել որակյալ, ժամանակակից պահանջներին համապատասխանող, միաժամանակ` մատչելի ուսուցում: Համոզված եմ, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հաջողությամբ կլուծի նաև այս խնդիրը` միասնական թիմով, ապագայի հանդեպ վստահությամբ: Մաղթում եմ բոլորիդ բարեկեցություն և լավատեսություն, ինչպես նաև հետագա հաջողություններ մարդկանց առողջության պահպանման ու ամրապնդման և բարձրակարգ բժշկական կադրերի պատրաստման աշխատանքային ճակատում»:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հարազատ բուհին հղեց իր շնորհավորանքը. «Մի անգամ արդեն խոստովանել եմ, որ այս ամբիոնը, այս բեմը, այս դահլիճն ինձ համար հրապարակային ելույթի ամենաբարդ վայրն է, որովհետև այստեղ ես ստիված եմ նայել այն մարդկանց աչքերին, որոնք ինձ տվել են կրթություն: Այսօր թվարկվեցին բուհի նվաճումները, բայց ուզում եմ ասել, որ ամենակարևորն այն է, որ բժշկական համալսարանը ազգային արժեք է, արժեք է և՛ կրթության, և՛ առողջապահության բնագավառների համար, ինչպես նաև գիտական առաջատարներից մեկն է, բուհ, որով հպարտանում ես ոչ միայն քո երկրի ներսում, այլև դրա սահմաններից դուրս: Իսկ մեր բժիշկները շարունակում են բարձր պահել մեր երկրի պատիվը ամենուրեք: Մեկ անգամ ևս ուզում եմ շնորհավորել իմ մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողությանը՝ 95-ամյա հոբելյանի կապակցությամբ և մաղթել նորանոր նվաճումներ ու ձեռքբերումներ»:

Այնուհետև Արմեն Աշոտյանը բուհի հոբելյանի կապակցությամբ ԿԳՆ Ոսկե հուշամեդալով պարգևատրեց ԵՊԲՀ Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի դեկան Սաթենիկ Բաղդասարյանին, Ուսումնական վարչության բաժնի պետ Արամ Բայկովին, Բժշկական տեսական առարկաների ուսումնամեթոդական խորհրդի նախագահ Գրիզելդա Նավասարդյանին, «Նորմալ անատոմիա»-ի ամբիոնի վարիչ Կարինե Բարոյանին, իսկ բուհի Ուսումնամեթոդական վարչության պետ Աննա Տեր-Մարկոսյանին, գիտական քարտուղար Տաթևիկ Ավագյանին, Ուսումնակազմակերպական բաժնի պետ Ռուզաննա Արիստակեսյան, Իրավաբանական բաժնի պետ Մելիք Սողոմոնյանին, Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ Անահիտ Վարդումյանին՝ ԿԳՆ պատվոգրերով:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, շնորհավորելով ԵՊԲՀ 95-ամյա հոբելյանը, նշեց. «Շնորհավորում եմ և մաղթում նորանոր ձեռքբերումներ: Մեծ պատիվ է, երբ հեռավոր Նահանգներում կամ եվրոպական երկրում աշխարհով մեկ սփռված հնչուն բժշկական անուններ, անվանի բժիշկներ ասում են՝ ես Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտ եմ: Կարծում եմ, որ մեր նոր ձեռքբերումները դեռ առջևում են»:

Այսպիսով, այսօրվա հանդիսությամբ ամփոփվեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 95-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:



















Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook