Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ 95-ամյակին նվիրված թեժ «Ուսանողական աշուն – 2015». ՈՒԽ ՄԱԺ հանձնաժողովը 20 տարեկան է

24.11.2015

Բժշկական համալսարանում կրկին տոն է՝ «Ուսանողական աշուն – 2015»: Եվ այս տարվա միջոցառումը նվիրված է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 95 և Ուսանողական խորհրդարանի «Մշակույթ և ազատ ժամանց» հանձնաժողովի 20-ամյակներին:

Ցերեկույթին ներկա էին բուհի ղեկավարությունը՝ ռեկտոր Միքայել Նարիմանյանի գլխավորությամբ, պրոֆեսորադասախոսական կազմը, ԵՊԲՀ ՈՒԽ և ՄԱԺ հանձնաժողովի տարբեր տարիների նախագահներ, Հայաստան երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Ավագյանը, բուհի շրջանավարտներ Գրիշա Աղախանյանը, The beautified Project խմբի Արմեն Շահվերդյանը, այլ հյուրեր, ուսանողներ:

Միջոցառումն ուղեկցվեց երաժշտական և հումորային համարներով ու մրցանակաբաշխությամբ, որի ընթացքում ՈւԽ-ի տարբեր տարիների նախագահները պարգևատրեցին ՄԱԺ հանձնաժողովի նախագահներին հատուկ պարգևներով:

Ներկայացնելով ՄԱԺ հանձնաժողովի անցած 20-ամյա ուղին՝ ուսանողները խոսեցին կատարված աշխատանքներից և հիշեցրին հանձնաժողովի ստեղծման պատմությունը:

Ինչպես վկայում է պատմությունը, 1994-95թթ.-ին համալսարանում առկա էին լուրջ նախադրյալներ ուսանողական մշակութային կյանքի և ազատ ժամանցի կազմակերպումը լուրջ հիմքերի վրա դնելու համար: Օրեցօր զգացվում էր նոր հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը: Եվ 1995թ.-ի նոյեմբերին Ուսանողական խորհրդարանի նիստը կանոնադրական որոշում կայացրեց հիմնադրել «Մշակույթի և ազատ ժամանց» հանձնաժողով: Հանձնաժողովը միանգամից ծավալեց բուռն աշխատանքային գործունեություն՝ կիսամյակից կիսամյակ ավելի հղկելով ու կատարելագործելով իր կողմից իրականացվող ծրագրերն ու միջոցառումները, ԵՊԲՀ ուսանողության կյանքում ձևավորելով մշակութային յուրահատուկ ավանդույթներ:

Անցած 20 տարիների ընթացքում ՄԱԺ-ը կազմակերպել է բազմաթիվ ներկայցումներ, եղել են թատերական խմբակներ՝ կազմված բացառապես բժշկականի ուսանողներից, որոնցից առաջինը «Ծիծեռնակ» թատերական ակումբն էր։ Նույն ժամանակներում է ստեղծվել նաև «Բելլա դոննա» նորաձևության թատրոնը: ՄԱԺ-ի կազմում նաև հայոց լեզվի ամբիոնին կից ստեղծվեց «Վերնատուն» գրական ակումբը, որը մինչ օրս գործում և կազմակերպում է մի շարք գրական-գեղարվեստական միջոցառումներ Բժշկական համալսարանում և նրա սահմաններից դուրս:

ՄԱԺ-ի հովանու ներքո կազմվել են «Մեդիկուս» երգչախումբը, «Սասուն» երգի-պարի ազգագրական համույթը, «Մեդունի» էստրադային համույթը, իրականացվել են նաև հետևյալ ծրագրերը՝ ուսանողական «Medicus» ամսաթերթի օրեր, հուշ-երեկոներ, ֆոտոցուցահանդես «Ուսանողական կյանքը երեկ և այսօր» խորագրով, գեղարվեստական ցուցահանդես։ Նաև սկիզբ դրվեց մի հետաքրքիր ավանդույթի՝ մերձեցման երեկոների կազմակերպմանը, որոնք շատ սիրելի և սպասված էին հատկապես առաջին կուրսեցիների համար, քանի որ օգնում էին նրանց ներգրավվել բուհական կյանք։

Միջոցառման ավարտին ներկաները ակնդրեցին ԵՊԲՀ պատմական հուզիչ ակնարկը:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook