Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԱՊՀ երկրների գիտնականների ֆորումը Մոսկվայում

10.11.2015

Ս/թ հոկտեմբերի 26-28-ը ՌԴ Մոսկվա քաղաքում անցկացվեց ԱՊՀ երկրների գիտնականների ֆորումը, որը կազմակերպել էր ՌԴ կրթության և գիտության նախարարությունը՝ «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության հետ համատեղ: Ֆորումին ներկա էին ավելի քան 300 գիտական կազմակերպությունների և գիտության բնագավառի ղեկավար մարմիններ և այլ մասնակիցներ ԱՊՀ երկրներից: Հայաստանի պատվիրակության կազմում էին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչները՝ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի գլխավորությամբ:

Ֆորումի շրջանակներում քննարկումներ են եղել ԱՊՀ տարածքում գիտության արդի վիճակի, զարգացման, մասսայականացման հնարավորությունների հեռանկարների շուրջ: Հատուկ ուշադրության կենտրոնում էին ԱՊՀ տարածքում երիտասարդ գիտնականների համագործակցության և համընդհանուր գիտատեխնիկական տարածք ստեղծելու հիմնահարցերը: Մասնակիցները աշխատանքային մեկ օր անցկացրեցին «Սկոլկովո» նորարական գերժամանակակից կենտրոնում, որտեղ ծանոթացան նորօրյա գիտական մեգանախագծերին, ինչպես նաև լսեցին գիտական արդյունքների առևտրայնացմանը նվիրված դասախոսություններ:

ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը «ՀՀ բժշգիտության զարգացման ռազմավարությունը» խորագրով զեկուցման մեջ ֆորումի մասնակիցներին ներկայացրեց գիտության զարգացման տեսլականը բժշկական համալսարանի օրինակով, որի բովանդակությունը գիտահետազոտական գերակա ուղղությունների ընտրությունն է՝ հիմքում ունենալով համաշխարհային տրենդը, ՀՀ բժշկագիտության ոլորտի գերակայությունները, ամբիոնների մասնագիտական ներուժը, նյութատեխնիկական բազան, ելքը դեպի կիրառական բժշկություն, այդ թվում՝ ուսումնական գործընթաց-հետազոտություն կապի ստեղծումը, համալսարանի գերազանցության կենտրոնի կայացման նախադրյալների ստեղծումը, գիտության երիտասարդացումը, դրա կայուն, հարաճուն զարգացումը և սահուն սերնդափոխությունը, հետազոտական գործունեության կանոնակարգերի և այլ իրավական ակտերի լրամշակումը և մշակումը, ինչպես նաև գիտական միջավայրի ստեղծումը և գիտության միջազգայնացումը:

Ֆորումի մասնակիցները շեշտեցին միջոցառման՝ իբրև հաղորդակցության արդյունավետ հարթակի կարևորությունը, որը նպաստում է գիտատեխնիկական համագործակցության զարգացմանը և համատեղ նախագծերի առաջադրման և իրականացման պայմաններ ստեղծում գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում: Առաջարկվեց ֆորումը դարձնել ավանդական և ամեն տարի այն անցկացնել ԱՊՀ երկրներից որևէ մեկում, ինչը կնպաստի գիտության զարգացմանը:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook