Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Գլխուղեղի կաթվածները հնարավոր է կանխարգելել

10.11.2015

Կանխարգելիչ բժշկությունը մարդու առողջության, օրգանիզմի պաշարների անհատական կառավարման գաղափար և մեթոդաբանություն է, որն ուղղված է լիարժեք կյանքի երկարացմանը: Հիմնական նպատակն է ոչ թե բուժել արդեն ի հայտ եկած հիվանդությունները, այլ բացահայտել օրգանիզմում հիվանդության հանգեցնող փոփոխությունները և դրանց դեմ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել: Մեր զրույցում Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ Նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը ներկայացրեց գլխուղեղի կաթվածի դեմ կիրառվող կանխարգելիչ միջոցառումները:

Նախ՝ սկսենք նրանից, թե ինչ կանխարգելիչ միջոցներ են կիրառվում նյարդավիրաբուժության մեջ:

Կանխարգելման բժշկության մասին խոսելիս սովորաբար առանձնացնում ենք երեք փուլ: Եվ այս կապակցությամբ առաջնահերթ ուզում եմ նշել առաջին օղակի, այսինքն՝ ընտանեկան բժիշկի դերը, որի ինստիտուտը, ի դեպ, Հայաստանում վերջին տարիներին մեծ զարգացում է ունեցել: Անկախ նրանից, մարդն ունի առողջական խնդիրներ, գանգատներ, թե ոչ, շատ կարևոր է, որպեսզի նա տարին մեկ-երկու անգամ այցելի ընտանեկան բժշկի, անցնի բուժզննում, հանձնի արյան ընդհանուր անալիզ և այլն, ինչի շնորհիվ հիվանդության վաղաժամ հայտնաբերման հնարավորություն կունենա: Դրան հետևում է երկրորդ փուլը, որն իր մեջ ներառում է այցելություն նեղ մասնագետների՝ նյարդաբանների, սրտաբանների, որոնք կիրականացնեն էլեկտրասրտագրություն, սրտի էխոգրաֆիա, անոթային համակարգի դուպլեքս և այլ հետազոտություններ: Այս բոլոր հետազոտությունները օգնում են հայտնաբերել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են աթերոսկլերոտիկ վահանիկները, անոթային համակարգի պաթոլոգիաները, ստենոզը, ստենոտրոմբոզը, անևրիզման և այլն:

Եվ այստեղ արդեն սկսվում է երրորդ փուլը, երբ հայտնաբերելով պացիենտի մոտ այս և այլ խնդիրները՝ մենք՝ մասնագիտական կենտրոններում աշխատող բժիշկներս, հնարավորություն ենք ստանում կանխել հիվանդության զարգացումը: Ինվազիվ սրտաբանության, ինվազիվ նյարդաբանության, նյարդավիրաբուժության կլինիկաներում վերոհիշյալ անոթային համակարգի նեղացման, ստենոզի, ստենոտրոմբոզի դեպքում հնարավոր է կատարել բաց ընդարտերէկտոմիա կամ ստենտավորել պարանոցային հատվածի անոթները: Հայտնաբերելով անոթային համակարգի արատներ՝ կարող ենք կանխել զանգվածային տարախշծուն ներգանգային արյունազեղումներ, բարձր զարկերակային ճնշման՝ հիպերտոնիայի դեպքում դեղորայքի միջոցով հնարավոր է նվազեցնել արյունազեղման վտանգը և այլն:

Հայտնի է, որ մեզանում մարդիկ՝ հատկապես առողջական խնդիր չունեցողները, ամեն կերպ հետաձգում են բժշկի մոտ այցելությունը: Ինչպիսի՞ միջոցառումներ եք իրականացնում հանրությանը այս ամենի մասին իրազեկելու, կանխարգելիչ բժշկության գաղափարը պոպուլիզացնելու համար:

Պատրաստում ենք ուղեցույցներ գրքույկների տեսքով, որոնք տարածում ենք մարդաշատ վայրերում՝ պոլիկլինիկաներում, սպասասրահներում, դպրոցներում և այլն: Շատ եմ կարևորում նաև հրապարակային ելույթները հեռուստատեսությամբ, ռադիոյով, տպագիր մամուլում, համացանցում, սոցկայքերում: Ես ինքս օգտագործում եմ յուրաքանչյուր հնարավորություն՝ խոսելու կանխարգելիչ բժշկության մասին: Եվ կարող եմ փաստել, որ այսօր մենք արդեն ունենք որոշակի արդյունքներ. բուժզննում անցնող պացիենտների հոսքը ավելացել է:

Ցանկանում եմ նշել, որ իրազեկում ենք ոչ միայն հասարակությանը, այլ նաև առաջին հերթին բավականին լուրջ կրթական աշխատանք ենք իրականացնում մասնագետների հետ: Մենք հաճախ կազմակերպում ենք սեմինարներ, թրեյնինգներ, միջազգային գիտաժողովներ, որոնցում մասնակցություն են ունենում ոչ միայն նյարդավիրաբույժներ և նեղ մասնագետներ, այլ նաև ընտանեկան և շտապօգնության ծառայության բժիշկներ ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ մարզերից: Մենք նաև ինքներս ենք այցելում մարզեր, որտեղ, բացի բժշկական ծառայություններ իրականացնելուց, կազմակերպում ենք դասընթացներ տեղի բուժաշխատողների համար:

Ի՞նչպես է ԵՊԲՀ Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնում իրականացվում գլխուղեղի կաթվածի կանխարգելումը և բուժումը:

Շուրջ երկու տարի է՝ Համալսարանում բացվել է Նյարդավիրաբուժության և կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոն, որը ես համարում եմ իր տեսակի մեջ միակը Հայաստանում, որտեղ հնարավոր է լիարժեք բուժել նյարդային համակարգի անոթային հիվանդությունները: Այստեղ հնարավորություն ունենք իրականացնելու ցանկացած տեսակի որակյալ ախտորոշում. կենտրոնում կիրառվում են ինչպես կոնսերվատիվ, այնպես էլ մյուս վիրաբուժական եղանակները և միջամտությունները: Մենք հնարավորություն ունենք ախտորոշման առաջին իսկ պահից թե՛ վիրաբուժական, թե՛ դեղորայքային միջամտության շնորհիվ կանխել այն բոլոր բարդությունները, որոնք առաջանում են գլխուղեղի կաթվածների ժամանակ, ինչը մեծ նշանակություն ունի պացիենտի համար: Այսօր աշխարհում գլխուղեղի կաթվածները մահացության կառուցվածքում զբաղեցնում են երկրորդ տեղը սրտային հիվանդություններից հետո: Միայն Հայաստանում տարեկան ունենում ենք 6000-7000 գլխուղեղի կաթվածի դեպքեր: ՀՀ առողջապահության նախարարության ցուցանիշների համաձայն՝ մեր երկրում գլխուղեղի կաթվածի մահացության դեպքերի թիվը կազմում է 46%, իսկ մեր կենտրոնում մեզ հաջողվել է նվազեցնել ընդհանուր նյարդավիրաբուժական, այդ թվում՝ նաև ծանր գանգուղեղային վնասվածքների դեպքերը մինչև 12,6%, իսկ հետվիրահատական մահացության դեպքերը՝ մինչև 2,5-3%:

Գլխուղեղի կաթվածների կանխարգելումը և բուժումը բավականին թանկարժեք է և հասանելի չէ բոլորին: Ինչպե՞ս է հնարավոր լուծել այս խնդիրը:

Բժշկական համալսարանը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ առողջապահության նախարարությանը ներկայացնելով «Stent for life» սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի օրինակով մի նոր ծրագիր, որը կոչվում է «Կաթվածների բուժման ազգային ծրագիր»: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է պետական աջակցություն գլխուղեղի կաթվածների բուժման համար, քանի որ այդ վիրահատությունները բավականին թանկարժեք են և հասանելի չեն բոլորին: Մենք համալսարանական հիվանդանոցում ավստրո-ամերիկյան «Stroke prevention» ծրագրի շրջանակներում որոշ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնում ենք անվճար, օրինակ՝ դուպլեքս հետազոտությունը:

Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնը տևական ժամանակ համագործակցում է ԱՄՆ Մերսեր համալսարանի բժշկության դպրոցի հետ, իսկ մեկ տարի առաջ մենք ձեռք բերեցինք ևս մեկ պայմանագիր, համաձայն որի՝ փոխանակային ծրագրերին կմասնակցեն ոչ միայն գործող մասնագետներ, այլ նաև ուսանողներ: Այդ ամենի նպատակն այն է, որ մեր ուսանողները, ինչպես դա արվում է շատ երկրներում, կարողանան մասնակցել որոշակի կանխարգելիչ միջոցառումներին, ինչը կնվազեցնի պացիենտի ծախսերը և կնպաստի ուսանողների կողմից հետազոտական աշխատանքների իրականացմանը:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook