Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայում վերականգնեցին երիտասարդի անդամահատված ոտքը

3.11.2015

Նոյեմբերի 2-ին` ժամը 22:00-ի սահմաններում, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկա է տեղափոխվել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած 32-ամյա Վարուժան Խուրշուդյանը: Պացիենտը ունեցել է ձախ ոտքի ստորին վերջույթի կտրվածք: Անդամահատված վերջույթը սառցե պարկում ժամանակին տեղափոխվել է համալսարանական հիվանդանոց, որտեղ Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտավազդ Սահակյանը վնասվածքաբան-օրթոպեդ Արմեն Բդոյանի, անեսթեզիոլոգ Արթուր Ֆեչիջյանի և այլ մասնագետների հետ համատեղ ութ ժամ տևողությամբ վիրահատության արդյունքում վերականգնել է երիտասարդի ոտքը: Բացի այս վնասվածքից՝ պացիենտի մոտ առկա էին աջ սրունքի և ազդրի փակ կոտրվածքներ, ինչպես նաև ձախ քունքամկանի սալջարդ:

Այժմ հիվանդի վիճակը մնում է կայուն ծանր, սակայն համապատասխանում է տարված վիրահատական բարդությանը. վերականգնված վերջույթի սնուցումը կասկած չի հարուցում:

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 2-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի բնակիչ 32-ամյա Վարուժան Խուրշուդյանը իր վարած ավտոմեքենայով Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Վթարի հետևանքով վարորդը արգելափակվել էր ավտոմեքենայում, որտեղից նրան դուրս էին բերել Ջերմուկի հրշեջ-փրկարարները և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել Վայքի հիվանդանոց, որտեղից էլ` «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook