Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի նոր հորիզոնները» թեմայով միջազգային 5-րդ կոնգրես ԵՊԲՀ-ում

28.10.2015

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ «Պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի նոր հորիզոնները» թեմայով միջազգային 5-րդ կոնգրեսի բացման արարողությունը, որը կազմակերպել էր Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայաստանյան ասոցիացիան, Պլաստիկ և վերականգնողական վիրաբույժների վրացական հասարակությունն ու Երևանի պետական բժշկական համալսարանը:

Բացման խոսքով հանդես եկավ Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայաստանյան ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը. «Սրտանց ողջունում եմ բոլորիդ այս կարևորագույն միջոցառմանը, որ կազմակերպվում է 5-րդ անգամ: Կոնգրեսը նպատակ ունի քննարկել ոլորտի խնդիրները, իրականացնել փորձի փոխանակում՝ հաշվի առնելով ոլորտի արագ զարգացումը և նոր տեխնոլոգիաների ու մեթոդների ի հայտ գալը»:

Կոնգրեսի մասնակիցներին և հյուրերին ողջունեց ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը. «Ուրախ եմ ողջունելու ձեզ «Պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի նոր հորիզոնները» թեմայով միջազգային 5-րդ կոնգրեսի շրջանակներում: Թեման արդիական է, քանի որ այս ոլորտը պահանջված է: Լինելով մասնագիտությամբ ինտերնիստ՝ շատ լավ գիտեմ, որ բազմաթիվ ներքին հիվանդություններ ունեն իրենց արտաքին պատկերը և դեմքը՝ բառի լայն իմաստով: Բացառություն չեն նաև այն հիվանդությունները, որոնք ելնելով ներքին օրգանների ֆունկցիաների խաթարումից՝ ի հայտ են բերում որոշակի էսթետիկ, մաշկաբանական և կառուցվածքային պրոբլեմներ, որոնք բացի հիվանդությունից առաջացած անհարմարությունից՝ պացիենտին պատճառում են նաև այլ անհանգստություններ. ի հայտ են գալիս ֆիզիկական, էսթետիկ և հոգեբանական խնդիրներ: Եվ ես հուսով եմ, որ արտաքնապես արտահայտված այդ նշանների վերացումը մեզ հնարավորություն կտա հետադարձ կապ ապահովելու և ազդելու այն օրգանի վրա, որը հանդիսացել է այդ պրոբլեմի հարուցիչը: Կարծում եմ, որ եկել է ժամանակը, երբ ներքին հիվանդությունները, էնդոկրինոլոգիան, ինտերնոլոգիան կարող են իրենց ներդրումն ունենալ այնպիսի հետաքրքիր ուղղության բազմադիսցիպլինար զարգացման մեջ, ինչպիսին է պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբուժությունը: Այստեղ կարևոր է նաև մասնագիտության իրավական կողմը, և հուսով եմ, որ այսօրվա քննարկումների արդյունքները կարտացոլվեն նաև կրթական ծրագրերում: Բոլորիդ մաղթում եմ արդյունավետ աշխատանք և նորանոր նվաճումներ»:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը՝ ընդգծելով արտասահմանից, Լեռնային Ղարաբաղից ժամանած մասնագետների մասնակցության կարևորությունը նմանատիպ միջոցառումներին: «ԱՄՆ-ից, Անգլիայից, Ավստրիայից, Ռուսաստանից, Վրաստանից և Ուկրաինայից ժամանած մեր գործընկերները, հանդես գալով պլաստիկ վիրաբուժության խնդիրների շուրջ, կներկայացնեն իրենց փորձը, հմտությունները: Վստահ եմ, որ եռօրյա քննարկումները գիտական, գործնական և ուսուցողական կարևոր նշանակություն կունենան և կխթանեն Հայաստանում պլաստիկ վիրաբուժության հետագա զարգացմանը», - նշեց փոխնախարարը:

Տեղեկացնենք, որ կոնգրեսին զեկուցումներով հանդես կգան ոլորտի ակնառու ներկայացուցիչներ՝ Վիեննայի Ավետարանական հիվանդանոցի դիմածնոտային բաժնի գլխավոր բժիշկ և Վիեննայի Wilhelminenspital հիվանդանոցի պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության բաժնի խորհրդական Քուրթ Վինցենցը, Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի Պլաստիկ վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Ռուբեն Ադամյանն և ուրիշներ։

Հիշեցնենք, որ «Պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի նոր հորիզոնները» թեմայով միջազգային 5-րդ կոնգրեսի աշխատանքները կտևեն 3 օր և կավարտվեն հոկտեմբերի 30-ին դերմատոկոսմետոլոգիայի արբանյակային սիմպոզիումով։

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook