Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Բժշկական համալսարանում շարունակվում են բուհի 95-ամյակին նվիրված միջոցառումները

13.10.2015

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում շարունակվում է ԵՊԲՀ 95-ամյակին նվիրված՝ «Բժշկագիտության արդի հիմնախնդիրները» խորագրով հոբելյանական գիտաժողովը: Գիտաժողովին ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Ավագյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը, այլ բարձրաստիճան հյուրեր, արտասահմանից ժամանած մասնագետներ:

Այսօր միջոցառման երկրորդ օրն է, և ուսանողների հետաքրքրությունը չի նվազում:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին և հյուրերին՝ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանն ասաց. «Գիտաժողովների այս շարքը, որը նվիրված է մեր բուհի 95-ամյա հոբելյանին ունի մի կարևոր նշանակություն՝ հնարավորություն տալ ուսանողների կողմից ձևավորել նոր հետազոտական խմբեր, որոնք առաջ կտանեն այն ավանդույթները, այն գաղափարներն ու ուղղությունները, որոնք 95 տարիներ ընթացքում կայացել են մեր համալսարանում՝ որպես բուհի մտավոր սեփականություն, որի հիման վրա մենք կհետազոտենք, կհայտնաբերենք, այն, ինչ ենթակա է փոփոխության, կփոխենք և կպահպանենք ու կզարգացնենք լավագույնը»:

Շնորհավորելով սիրելի Ալմա Մատերին ծննդյան 95-ամյա հոբելյանի կապակցությամբ և վերհիշելով իր անցած ուղին բուհում՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց. «Այսօր ևս մեկ առիթ է ցույց տալու բժշկական համալսարանի անցյալը, ներկան և այդ ամենը շաղկապելու սերունդներով: ԵՊԲՀ-ն մի միջավայր է, որտեղ կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը շաղկապված են անբաժանելի կապով: Բժշկականում կրթություն ստացող երիտասարդը ձեռք է բերում ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև աշխարհայացք ու արժեհամակարգ: Ժամանակակից բուհական կրթության մարտահրավերներն այլևս չեն կարող սահմանափակվել միայն Հայաստանի աշխարհագրական տարածքում, և իմ ցանկությունն է տեսնել ԵՊԲՀ-ն Հայաստանի սահմաններց դուրս միջազգային չափանիշներով ճանաչված վարկանիշային սանդղակների ցանկում: Սա առողջ ձգտում է, որը բուհը պետք է անպայման դնի իր առջև: Պետք է նկատել, որ ԵՊԲՀ-ի շնորհիվ այսօր մեր բուհական համակարգը կարողանում է ապահովել եվրոպական չափանիշներով օտարերկրյա ուսանողների ներգրավվածության բարձր ցուցանիշ: Ժամանակակից բուհը չի կարող հաջողություն ունենալ, եթե միջազգայնացման աստիճանը, շրջանավարտների ու դասախոսների շարժունությունը, արտասահմանցի ուսանողների տեսակարար կշիռը մեծ չէ: Համալսարանի համար շատ կարևոր բաղադրիչ է նաև հետազոտությունների ծավալը, և այս առումով ևս բժշկականը ունի հստակ արդյունքներ: Գիտական և հետազոտական բաղադրիչի կարևորությամբ է նաև պայմանավորված, որ բուհի հոբելյանական միջոցառումների մեկնարկային այցեքարտը դարձել են ուսանողական և դասախոսական գիտաժողովները»:

Ներկաներին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և իր անունից ներկաներին ողջունեց և ԵՊԲՀ 95-ամյակի կապակցությամբ շնորհավորեց նաև առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանը. «Անցած 95 տարիների ընթացքում մեր սիրելի բժշկականը առողջապահության ոլորտի հմուտ մասնագետներ և համաշխարհային մասշտաբի գիտնականներ է տվել, ովքեր իրենց ավանդն են ունեցել մեր երկրի առողջապահության համակարգի զարգացման գործում: Այսօր ավելի, քան երբևէ ակնհայտ է դառնում, որ ցանկացած բարեփոխում անհնար է իրականացնել առանց լուրջ հետազոտական աշխատանքի: Եվ այսօր ավելի է կարևորվում բժշկական համալսարանի դերը՝ որպես բարձրակարգ մասնագետների դպրոց, դարբնոց, իսկ նմանատիպ գիտաժողովների անցկացումն ավելի է կարևորվում, քանի որ հնարավորություն է տալիս իրականացնել հետազոտական աշխատանքներ և կատարել փորձի փոխանակում: Կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիս և մաղթում արդյունավետ աշխատանք»:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանը. «Սիրով շնորհավորում եմ բոլորիս՝ բժշկական կադրերի պատրաստման 95-ամյակի կապակցությամբ: Անցած տարիները ցույց են տալիս, որ մեր բժշկականը եղել և մնում է մեր կրթական համակարգի լավագույն բուհերից մեկը: Եվ մաղթում եմ, որ մեր սիրելի բուհի ապագան պայծառ լինի: Կանաչ ճանապարհ բոլորիդ և ամենայն բարիք»:

Նշենք, որ գիտաժողովների շարքը կշարունակվի ևս 2 օր՝ ներառելով փորձարարական և կլինկական բժշկության գիտակրթական և կառավարման համակարգի զարգացումներին և բարեփոխումներին միտված քննարկումներ, զեկուցումներ, հանդիպումներ:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook